Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը, որին մասնակցում են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Մեկօրյա համաժողովի օրակարգում ներառված են մի շարք թեմաներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես երկու երկրների միջև միջպետական համագործակցության, այնպես էլ համայնքային մակարդակում կապերի ամրապնդման տեսանկյունից, հայտնում է Արմենպրեսը։
Միջոցառմանը մասնակցում են հայաստանյան և ռուսաստանյան բազմաթիվ փորձագիտական խմբեր ու համայնքային պատվիրակություններ, ներառյալ՝ մարզպետներ, նրանց տեղակալներ և քաղաքային իշխանության այլ պաշտոնյաներ։
Համաժողովի պանելային քննարկումների առանցքում են Հայաստանի և Ռուսաստանի քույր քաղաքների միջև կապերի խորացումն ու երկխոսությունը, էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության հնարավորությունները, հումանիտար ծրագրերի ընդլայնման հեռանկարները, մարզերի ներդրումային գրավչությունը, ինչպես նաև ներդրումների խթանման բարենպաստ միջավայրի ստեղծման ուղիները։
Համաժողովն ավարտվելու է օրվա երկրորդ կեսին կայանալիք լիագումար նիստով, որի ընթացքում բացման խոսքով հանդես կգան Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն։
Լիագումար նիստի ժամանակ ելույթներ կունենան նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Արխանգելսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկին, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։
Նիստի ավարտին նախատեսված է երկկողմ փաստաթղթերի փոխանակման հանդիսավոր արարողություն։
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի և Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։