6 հունիսի 2025 - 15:37 AMT
Գալյան. Այսօր ունենք խնդիր, ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին գործերին արձագանքելը չի նշանակում սահմանադրական կարգի խախտում, ասել է, որ ՀՀ Սահմանադրությունը ներառում է դեկլարատիվ դրույթ, ըստ որի՝ Հայաստանը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում։

«Ի՞նչ է եղել, որ ստիպի, որպեսզի ծագի նման հարցադրում, ինչո՞վ է խառնվելը դրսևորվել։ Իմ դիտարկմամբ՝ առկա խնդիրների մասին խոսելն ինքնուրույնությանը միջամտել չէ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ նրա՝ «այսօր ունենք խնդիր, ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ»։

Անդրադառնալով վարչապետի հնչեցրած արտահայտություններին՝ նախարարը նշել է. «Կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել։ Այո՛, սուր երանգներ պարունակող բառամթերք է, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ խնդիր չկա։

Մենք այսօր ունենք խնդիր, ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ։ Եկեղեցականները պարտավոր են հետևել որոշակի կանոնների, որոշակի կանոնների էլ պարտավոր են հետևել նաև պաշտոնյաները, քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը՝ հետևի՞ այդ կանոնների պահպանմանը, թե՞ ոչ»։

Նա ընդգծել է, որ պետության և եկեղեցու հարաբերությունները հնարավոր է կարգավորել օրենքի միջոցով, և ներկայումս գոյություն ունի համապատասխան օրենսդրություն, որը որոշ չափով կարգավորում է այդ հարաբերությունները։

«Այդ կարգավորումները միտված են եկեղեցուն որոշակի արտոնություններ տալուն։ Մենք ընդունում ենք, որ գոնե այս պահին եկեղեցու և եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել։ Չպետք է մոռանանք, որ իրավական պետություն ենք, և այն, որ եկեղեցու կարգավիճակը սահմանվել է Սահմանադրության շրջանակներում, դա ևս խոսում է այն մասին, որ առնվազն հնարավոր է, որ իմպերատիվ կարգավորումների դաշտում քննարկվեն այն հարցերը, որոնք այսօր քննարկվում են»,-ասել է Գալյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։