6 հունիսի 2025 - 15:49 AMT
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը նախատեսվում է հունիս-հուլիս ամիսներին

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նիստ կանցկացնի․ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության մշակման ընթացքին։

«Մենք արդեն պլանավորել ենք, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ կունենանք խորհրդի նիստ: Խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք, ըստ էության, արդեն մշակվել են»,– ասել է Գալյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նախարարը հրաժարվել է ներկայացնել հավելյալ մանրամասներ, սակայն նշել է, որ դեռ որոշում չկա՝ նիստը կհեռարձակվի՞ ուղիղ եթերով, թե ոչ։

«Միևնույն է, հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ է քննարկվել նիստում և ինչ որոշումներ են կայացվել»,– վստահեցրել է նախարարը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:

Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: