Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ և ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի աջակցությամբ հունիսի 8-9-ին Մոսկվայում կանցկացվեն «Թումանյանական օրեր»։
Մշակութային ծրագրում նախատեսված են բանախոսություններ, ֆիլմի դիտումներ և մանկական ծրագրեր, հայտնում է Արմենպրեսը։
Մշակութային ծրագիրը կմեկնարկի հունիսի 8-ին, ժամը 14:00-ին՝ ՀՀ դեսպանության Մշակութային կենտրոնում։ Մասնակցություն ցանկացողները կարող են նախապես գրանցվել armcultcenter@yandex.ru էլեկտրոնային հասցեով։
Հունիսի 9-ին միջոցառումը կշարունակվի «Լուսարձակ» կիրակնօրյա դպրոցում։ Այդ օրը, ժամը 16:00-ին, ծրագիրը կներառի բանախոսություն, կինոդիտում, ինչպես նաև «Թումանյանը երեխաների համար» խորագրով մանկական ծրագիր, որը բաղկացած կլինի անիմացիոն ֆիլմերից, մուլտֆիլմերից և խաղային բաղադրիչներից։
«Թումանյանի օրերը Մոսկվայում» նախաձեռնության նպատակն է խթանել հայ նշանավոր գրող Հովհաննես Թումանյանի մշակութային ժառանգության ու հոգևոր արժեքների տարածումն ու ճանաչելիությունը Մոսկվայում բնակվող հայ համայնքի շրջանում։