7 հունիսի 2025 - 10:26 AMT
ԱԱԾ․ Ադրբեջանցիների կողմից 2 անչափահասի առևանգելու լուրը չի համապատասխանում իրականությանը

Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչներ Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանում: Այդ մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից, տեղեկացնում է Արմենպրեսը։

Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղի համայնքապետարանը հայտնել է, որ նրանց առողջական վիճակը լավ է, գրում է Factor.am-ը։

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Նշվում էր, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։