Հունիսի 5-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) կազմակերպել է լսումներ՝ քննարկելու «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» թեման։ Այս նախաձեռնությունը նախորդել է նույն հանձնաժողովի տարեկան զեկույցին, որտեղ արձանագրվել է, որ Ադրբեջանում կրոնական ազատության մակարդակը զգալիորեն վատթարացած է։
Լսումներում առաջարկվել է միջազգային մոնիտորինգային առաքելությունների իրականացնել Արցախում՝ առանց Ադրբեջանի ուղեկցության:
Զեկույցում ուշադրություն է դարձվել հայկական եկեղեցիների, մշակութային կոթողների և հնագույն գերեզմանոցների ոչնչացման դեպքերին, հայտնում է Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը։
Վիքի Հարթզերը լսումների սկզբում ընդգծել է, որ քննարկման հիմնական շարժառիթը միջազգային հանրության դիրքորոշումն է՝ Ադրբեջանի կատարած կրոնական իրավունքների խախտումների, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման վերաբերյալ։
Հանձնաժողովի ղեկավար Սթիվեն Շնեքը հայտնել է, որ USCIRF-ը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին առաջնահերթ դարձնել կրոնական ազատությունների պաշտպանությունը՝ օրենսդրական փոփոխություններ կատարելով և Ադրբեջանի համար ռազմական աջակցության տրամադրումը կապելով կրոնական ազատությունների բարելավման հետ։ Նրա պնդմամբ՝ կրոնական ազատությունների վիճակը Ադրբեջանում չի բարելավվելու ինքնուրույն՝ առանց ԱՄՆ կառավարության համակարգված ջանքերի։
Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Օդրի Ալտշտադտը լսումների ընթացքում ներկայացրել է իրավիճակի խորացված գնահատական՝ նշելով, որ Ադրբեջանում իշխում է կոռուպցիայի վրա հիմնված ավտորիտար վարչակարգ, որը լուրջ ազդեցություն է թողնում մարդու իրավունքների, այդ թվում՝ կրոնական ազատությունների վրա։
«Ֆորմ 18» լրատվական հարթակի խմբագիր Ֆելիքս Քորլեյը ընդգծել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումների ընթացքում բազմաթիվ անձինք ենթարկվել են նվաստացումների և բռնության՝ իրենց քրիստոնեական ինքնության պատճառով։ Ըստ ներկայացված վկայությունների՝ որոշ ռազմագերիների արգելվել է ընթերցել քրիստոնեական գրքեր, նրանց կրած խաչերը այրվել են։ Ազատ արձակված անձինք պատմել են ծեծի, նվաստացումների և կրոնական ու էթնիկ բնույթի վիրավորանքների մասին։ Նրանց պարանոցից խաչերը խլվել, կոտրվել և նետվել են գետնին։ Քորլեյը շեշտել է՝ ձերբակալվածները հաճախ ենթարկվում են խիստ ֆիզիկական ու հոգեբանական բռնության։
Անկախ լրագրող և «Free Voices Collective»-ի համահիմնադիր Արզու Գեյբուլան նշել է, որ ԱՄՆ պետք է որդեգրի հստակ ու համապարփակ քաղաքականություն՝ Ադրբեջանը ճանաչելով որպես հատուկ մտահոգություն ներկայացնող երկիր՝ Կրոնական ազատության մասին օրենքի համաձայն։
Հուսիկ Ղուլյանը, իր ելույթում անդրադառնալով տարածաշրջանի մշակութային ժառանգությանը, ընդգծել է, որ հարյուրավոր պատմական կոթողներ Արցախում գտնվում են մեծ սպառնալիքի տակ։ Նա շեշտել է, որ այդ ժառանգության պահպանումը կարևոր է ոչ միայն հուշարձանների պահպանման, այլ նաև Արցախի հայ բնակչության մշակութային ինքնության և նրանց նախնիների հետ կապի տեսանկյունից։
Նա հիշեցրել է՝ նախադեպ արդեն կա. Ադրբեջանի կողմից Նախիջևանում 1998–2005 թվականներին կատարվել է հայկական հուշարձանների համակարգված ոչնչացում՝ 108 պատմական կոթողի վերացմամբ։ Սակայն, ըստ Ղուլյանի, Ադրբեջանը մերժում է այդ փաստը և ժխտում է այդ տարածքներում երբևէ հայերի ապրելը։
2023 թ. աշնանը ավելի քան 100,000 արցախահայերի բռնի տեղահանման հետևանքով հնագույն մշակութային հուշարձանները՝ եկեղեցիներ, վանքեր և գերեզմանատներ, մնացել են առանց պաշտպանության։ 2021-ից սկսած իրականացվել է 12 արբանյակային դիտարկում, որոնց միջոցով վերահսկվել է 300-ից 600 մշակութային կոթող։ Այդ դիտարկումների արդյունքում արձանագրվել է 14 ամբողջությամբ ոչնչացված և ևս 14 վնասված մշակութային օբյեկտ։ Ներկայումս 30 հուշարձան համարվում է անմիջական վտանգի տակ։
Ղուլյանը նշել է, որ 2024 թվականին մշակութային ավերածությունների տեմպը աճել է, հատկապես շինարարական ակտիվության ֆոնին։ Ակնհայտ է, որ հիմնական թիրախ են դարձել հայկական գերեզմանատները, սակայն արձանագրվել են նաև եկեղեցիների ավերման դեպքեր։ Հայկական եկեղեցիները միտումնավոր կերպով ներկայացվում են որպես Կովկասյան աղվանական ժառանգություն՝ իրականության խեղաթյուրմամբ։ Չնայած այս զարգացումներին, միջազգային արձագանքը շարունակում է մնալ թույլ, և Ադրբեջանը դեռևս որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Ղուլյանը կոչ է արել ԱՄՆ պետական մարմիններին, ինչպես նաև USCIRF-ին և ԱՄՆ Կոնգրեսին, աջակցել մշակութային ժառանգության մոնիտորինգի ծրագրերին՝ դրանք վերածելով կանխարգելիչ գործիքների։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի իրականացրած իբր «վերականգնումները» իրականում ուղեկցվում են հսկողության սահմանմամբ, արժեքների աղավաղմամբ և մուտքի խստագույն սահմանափակումներով։ Եկեղեցիներում եղած արձանագրությունները ջնջվում կամ խեղաթյուրվում են։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները արդարացվում են պետական մակարդակով։ Որպես հակազդման արդյունավետ միջոց, Ղուլյանը առաջարկել է տեղում միջազգային մոնիտորինգային առաքելությունների իրականացում՝ առանց Ադրբեջանի ուղեկցության, ինչը հնարավորություն կտա անկախ մասնագետներին իրական գնահատում կատարել հուշարձանների վիճակի վերաբերյալ։
Հանձնաժողովի ղեկավար Սթիվեն Շնեքը նշել է, որ հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերն անհանգստացնող են։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձել է գործարկել գնահատման առաքելություն Արցախում, սակայն Ադրբեջանը դեռևս մերժել է այդ նախաձեռնությունը։ Նա առաջարկել է, որ ԱՄՆ կրոնական հանձնաժողովը ներգրավվի այս հարցում։
Շնեքը նաև անդրադարձել է ուխտագնացության խնդրին՝ նշելով, որ հարյուրավոր հայեր ցանկանում են վերադառնալ իրենց սրբավայրերը Ղարաբաղում, սակայն մուտքը մնում է արգելված։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը պատրաստակամություն է հայտնել աջակցել նման ուխտագնացություններին, սակայն դրանք չեն իրականացվում։ Նրա խոսքով՝ խնդիրը միայն ժառանգության պահպանման մեջ չէ, այլև մոտ 100,000 տեղահանված հայերի կրոնական իրավունքի՝ այցելել իրենց եկեղեցիներն ու գերեզմանները։
««Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը» բարձր է գնահատում ԱՄՆ Կրոնական ազատության հանձնաժողովի գործունեությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրոնական իրավունքների պաշտպանությանը, պատմական ժառանգության պահպանությանը և ուխտագնացությունների կազմակերպման հարցում աջակցության պատրաստակամությանը։
Միաժամանակ ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող գործողությունների հրապարակային դատապարտումը կարևոր քայլ է՝ պատմական արդարության վերականգնման և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի հաստատման ճանապարհին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։