7 հունիսի 2025 - 12:28 AMT
Արմինե Օհանյանը՝ Փաշինյանին․ Ձեր ոչ մի ասածը չկարողացաք ապացուցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է դատի տալ «Հրապարակ» թերթին՝ «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով հոդվածի համար։

«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան և հոգևոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։ Այս առիթով նաեւ պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա»,–գրել էր վարչապետը։

Փաշինյանի գրառմանն արձագանքել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ հորդորելով «մեկ տող էլ ավելացնել ու դատի տալ»։

Նա նշել է, որ Փաշինյանն իր «ոչ մի ասածը չի կարողացել ապացուցել»։

«Այսինքն, դու հարցադրումներ անելու իրավունք ունես, կաթողիկոսին ամեն օր կարող ես հարցնել ասա կուսակրո՞ն ես, թե չէ…իսկ «Հրապարակի» հոդվածագիրը նման իրավունք չունի…դու և կինդ կարող եք տարիներ շարունակ չապացուցված մեղադրանքներ հրապարակել տարբեր անձանց, այդ թվում մի երկու օր առաջ Բորիս Մուրազիի մասին… կարող եք հայտարարել, որ սրբազանները մանկապիղծ են, 12 հազար դասալիք կա երկրում, նախկինները երեխաներ են վաճառել, Արցախում օտար գործակալներ են գործել… ձեր ոչ մի ասածը չկարողանաք ապացուցել, իսկ մի Նորայր Մարտիրոսյան իրավունք չունի իր լսածը հրապարակել և հռետորական հարցադրումներ անել… Մի տող էլ ավելացրու ստատուսիդ ինչի` Հայաստանում կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի…ու դիմիր դատարան»,–ասվում է Օհանյանի գրառման մեջ։

«Հրապարակը» հոդված էր հրապարակել, որտեղ ասվում է․ Հոդվածում ասվում է․«Երկրի առաջնորդը պետք է համապատասխանի պահանջների լայն շրջանակի` օրինակ՝ լինի գրագետ, խելացի, շրջահայաց և բարոյական:Այդ իսկ պատճառով դավաճանում է նա կնոջը թե չէ՝ շատ կարևոր է պարզել։ Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: Կասեք՝ սա ի՞նչ բամբասանք է, ինչու՞ է լրատվամիջոցը իրեն իրավունք վերապահում նման անհիմն և մերկապարանոց հայտարարություններ անել։ Իհարկե, մենք նման բան չէինք հրապարակի, եթե չլիներ երկրի ղեկավարի արշավը Վեհափառ հայրապետի դեմ, բայց, եթե թիվ մեկ պաշտոնյան կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», մենք էլ կարող ենք նույն հարցադրումը անել»: