7 հունիսի 2025 - 14:33 AMT
Հայկական կոնյակը երկրորդն է վաճառքի ծավալով ՌԴ շուկայում

Ռուսաստանի խանութներում գերակշռում են տեղական ապրանքները, ինչպես նաև հայկական կոնյակն ու վրացական բրենդին։ Նման տվյալներ է ներկայացնում Sputnik Live-ը՝ հիմնվելով բաց աղբյուրների վերլուծության արդյունքների վրա։

Հայկական կոնյակը զբաղեցնում է ռուսական շուկայի 21․6 տոկոսը, վրացական բրենդին՝ 11․2 տոկոսը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հիմնվելով հրապարակված տվյալների վրա՝ պարզվել է, որ Ռուսաստանում կոնյակի և բրենդիի արտադրության նպատակով օգտագործվող հումքի մոտ 80 տոկոսը ներկրվել է հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներից։ Նշված երկրների միջև առկա առևտրային արտոնությունների շնորհիվ, ըստ արտադրողների, վերջնական արտադրանքը դառնում է սպառողների համար առավել մատչելի։

Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ կոնյակով բեռնված 52 հայկական բեռնատար Վրաստանում 14 օր կանգառից հետո այսօր շարունակել է իր ճանապարհը դեպի Ռուսաստան։ Վրաստանում մնացել է 72 բեռնատար։ Կան նաև բեռնատարներ, որ դեռ սահմանին են, 100 մեքենա էլ Հայաստանում է պատրաստ ճանապարհ ընկնելու։

Հայ կոնյակագործները մի քանի անգամ բողոքի ցույց են արել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։