Գյումրիում տեղի է ունեցել Բագրատ սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։ Սրբազանն իր առաջին գիրքը նվիրել է Միքայել Սրբազանին, հայտնում է «Առավոտը»։
Դա գիրք–ուղեցույց է` Հայաստանի շուրջ ծանրացած մարտահրավերներին դիմակայելու, ավելի ամուր և հոգևոր արժեհամակարգով Հայաստան կառուցելու մասին:
Գրքում արծարծվում են այն հարցերը, թե ի՞նչ պետք է անի Հայոց եկեղեցին պետական կառավարման համակարգի և ազգային ինստիտուտների բարելավման համար, ինչպե՞ս պետք է պետությունն օգտագործի եկեղեցու ներուժն ու հավատի ուժը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։
Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։
Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։