9 հունիսի 2025 - 12:29 AMT
Գարեգին Բ–ն Ավստրալիայից ժամանած ուխտավորներին հորդորել է հանդիպել նաև արցախցիների հետ

Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի ուխտավորներին, որոնց ուղեկցել է Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանը։

Տեր Խաչեր քահանան հայտնել է Նորին Սրբությանը, որ ուխտավորները նախքան Հայաստան ժամանելը այցելել են Արևմտյան Հայաստան, իսկ այժմ հայրենիքում գտնվելով՝ եկել են Մայր Աթոռ՝ ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցել է ներկաներին և գոհունակությամբ նշել Ավստրալիայի հայ համայնքի ազգային ու հոգևոր գործունեության մասին։

Կաթողիկոսը հորդորել է ուխտավորներին, որ այցի ընթացքում հանդիպումներ ունենան նաև հայրենազրկված արցախցիների հետ, տեղում ծանոթանան նրանց խնդիրներին և ցուցաբերեն բարոյական աջակցություն։

Նա ընդգծել է, որ նման ուխտագնացությունները հատկապես այս օրերին կարևոր հոգևոր աջակցություն են հայրենիքում բնակվող եղբայրների և քույրերի համար։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսն ուխտավորներին մաղթել է, որ Աստված մշտապես պահի ու առաջնորդի նրանց իր սիրո ու հոգածության ներքո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը ևւ զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։