9 հունիսի 2025 - 12:53 AMT
Ավինյանը` քաղաքապետարանի տիրույթում չգտնվող խնդիրների մասին․ Իրենց էշի տեղ են դնում

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում հայտարարել է, որ վերջին շրջանում կոյուղու վթարները և դրանց հետևանքները ներկայացվում են աղավաղված կերպով։ Նա նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է 400 վթար, որոնցից շատերի լուծմամբ ստիպված է զբաղվել քաղաքապետարանը, չնայած այդ դեպքերը դուրս են դրա պատասխանատվության ոլորտից։

«Դա պետական գույք է, ենթադրում եմ՝ մի մասն էլ հանձնված չէ «Վեոլիա ջրին»: Ստացվում է, որ քաղաքում ունենք ենթակառուցվածք, որը մեր սեփականությունը չէ, մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով։ Շատ կարևոր է հասկանալ, թե հարցը ում պատասխանատվության տակ է։ Եկեք օրենքով հստակեցնենք դա, տեղափոխենք մեր իրավասության դաշտ, մենք էլ կիմանանք, որ դա մեր պարտականությունն է, և կսկսենք պլանավորել համապատասխանաբար»,–ասել է Ավինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ առաջնահերթ է պարզել՝ ով է կոնկրետ պատասխանատուն։

«Որովհետև անընդհատ ասում են՝ քաղաքապետարանն այս է, քաղաքապետարանն այն է: Վերջում ասում ենք՝ մենք չենք, ժողովուրդ ջան, այս մարդն է, այս չինովնիկն է: Նստած է, իրեն էշի տեղ է դրել, քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ ա էլի։ Ինքը մարաղը մտած չի երևում»,–ասel 1 քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանն ու Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջուր» ընկերության հետ գործող պայմանագիրը, որի շուրջ ձևավորված է վեց կետից բաղկացած փաստաթուղթ։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նրա փոխանցմամբ՝ նամակի վերջին կետում շեշտվում է, որ անհրաժեշտ է հստակեցնել այն գույքի սահմանները, որի հիման վրա մատուցվում են ծառայությունները, քանի որ 2016 թվականին «Վեոլիա ջուր»-ին տրամադրված գույքի ցանկում եղել են բացթողումներ։

«Մայրաքաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ խնդիրը վերաբերում է «Վեոլիա ջրի» սպասարկման տիրույթից դուրս գտնվող գույքին, քանի որ այն բացակայում է ցանկում: Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին և այնտեղ տեղադրված պոմպակայաններին: Կառուցապատողների մեղքով պոմպը չի հանձնվել «Վեոլիա ջրին» կամ պետությանը և դարձել է գլխացավանքի ու բնակիչների վեճի առարկա»,- ասել է Արեյանը։