ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումները վերահսկվելու են ՊԵԿ լիազորությունների շրջանակում՝ այնպես, ինչպես կատարվում է ցանկացած սահմանային անցակետում։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ կոմիտեի հիմնական գործառույթն է մաքսային վերահսկողության կազմակերպումը՝ ցանկացած հնարավոր զարգացման պարագայում, գրում է Sputnik Արմենիան։
«Եթե խոսում ենք ապաշրջափակման, սահմանների բացման մասին, ուղղակի պետք է տարբեր սցենարների պատրաստ լինել։ Մենք ունենք համապատասխան սարքավորումներ և գործիքներ, որոնք թույլ կտան ցանկացած սցենարի ադապտացվել և մեր մաքսային գործունեությունն իրականացնել»,- նշել է ՊԵԿ նախագահը։
Նա հավելել է, որ Երևանի կողմից Բաքվին առաջարկվող «դյուրացված ընթացակարգերով բեռների անցման» մեխանիզմները արդեն գոյություն ունեն և կիրառվում են այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանը բաց սահման ունի՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի դեպքում։
Հակոբյանը բացատրել է նաև, որ ՊԵԿ-ն ունի ռիսկերի գնահատման համակարգ, որի շրջանակում բեռները դասակարգվում են ըստ ցուցիչների՝ կանաչ, դեղին կամ կարմիր ուղիներով։
«Ունենք ռիսկերի համակարգ, որտեղ ավտոմատ կերպով ինչ-որ ցուցիչներ ուսումնասիրելով՝ ինչ-որ ապրանքներ ուղարկվում են կանաչ ուղիներ, ինչ-որ ապրանքներ՝ դեղին, ինչ-որ ապրանքներ՝ կարմիր։ Օրինակ, կանաչ ուղին նշանակում է, որ բեռն առանց խնդրի կարող է անցնել սահմանը, որովհետև հայտարարագիրը նախօրոք լրացվել է, որևէ ռիսկ չկա տվյալ ապրանքի հետ։ Կամ ավտոմատ բացթողնման համակարգն արդեն պիլոտավորել ենք․ կրկին ցուցիչների ուսումնասիրության արդյունքում ներմուծումն ավտոմատ բաց է թողնվում, որովհետև տեսնում ենք՝ այդտեղ ռիսկ չկա»,- ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ բացառվում է, որ հայկական կողմը որևէ կերպ անտեղյակ լինի՝ ինչ բեռ է անցնում սահմանով։ Նման բան չի լինում, և նույն սկզբունքը կիրառվելու է նաև Ադրբեջանի բեռների դեպքում։
Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի հունիսի 2-ին՝ Մոսկվայում։