Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդուարդ Հակոբյանը պարզաբանում է ներկայացրել՝ ինչու 2024 թվականի առաջին եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի հայտնվել 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Այս հարցին նա անդրադարձել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի բարձրացրած հարցի շրջանակում։
Պատգամավորը նկատել է, որ սա բացառիկ դեպք է, որ կոմբինատը ընդգրկված չէ 1000 խոշոր հարկատուների ցանկում, հայտնում է Արմենպրեսը։
«2024–ի արդյունքներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունեցել է իրացումների նվազում՝ 2023–ի համեմատ: Այդ պատճառով 2025–ի վճարման ենթակա ռոյալթին նվազել է: Բացի այդ, քանի որ 2024–ին վճարվել էր ավելի մեծ կանխավճար, դրա մի մասն առաջին եռամսյակում վերադարձվել է: Եթե չեմ սխալվում մոտ 21–22 մլրդ դրամի մասին է խոսքը, սա մեկանգամյա գործարքի արդյունքում կատարված վերադարձ է: Այդ 21–22 մլրդի պատճառով կոմբինատը միանգամից դուրս է եկել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից»,–ասել է ՊԵԿ նախագահը։
Հակոբյանը հավելել է, որ դա դեռ չի նշանակում, թե հաջորդ եռամսյակում կոմբինատը չի հայտնվելու 1000 խոշոր հարկատուների ցանկում:
Ըստ պատգամավոր Արթուր Խաչատրյանի խնդիրն առաջացել է այն պահից, երբ ՀՀ կառավարությունը բաժնեմաս ունեցավ, հայտնում է Panorama.am–ը։
«Հետաքրքիր է՝ կանխավճարներ միշտ էլ վճարում էին, ինչ այս երկիրը ստեղծվել է, այդ համակարգը գործում է, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ կոմբինատը հազար խոշորագույն հարկատուների ցանկում ընդգրկված չլինի։ Ընդունենք, որ այստեղ խորքային խնդիր կա։ Եվ այդ խնդիրն առաջացավ այն պահից, երբ Հայաստանի կառավարությունը բաժնեմաս ունեցավ»,-ասել է նա։
Նա նաև արձանագրել է բիզնես միջավայրի մեջ եղած լարվածությունն ու տնտեսվարողների դժգոհությունները։
«Դուք ասում եք հարկային վարչարարությունից գոհունակություն կա, մենք տնտեսվարողների հետ խոսում ենք՝ դժգոհություն կա»,- ասել է Խաչատրյանը՝ դիմելով ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին։
Պատգամավորը շեշտել է, որ օտարերկրյա կապիտալի արտահոսքը կապված է նաև այդ դժգոհությունների հետ, որոնց հիմքում վարչարարական խնդիրներ են։ Նա հետաքրքրվել է՝ արդյոք իշխանություններն ընդունում են որոշակի բացթողումներ, որոնք հանգեցրել են հարկային հավաքագրումների չապահովման։ Նրա խոսքով՝ խնդիրը միայն վարչարարության մեջ չէ, այլ նաև տնտեսական աճի դանդաղման պայմաններում պետական քաղաքականության արդյունավետության մեջ։
Մինչ օրս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ընդգրկված է եղել 1000 խոշոր հարկատուների շարքում։