Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջուրմ հայտարարել է, որ Հայաստանում «պետական մակարդակով ակնհայտ ահաբեկչություն է ծրագրվում»։ Նրա խոսքով՝ այս պահին վտանգված են ոչ միայն եկեղեցու ինստիտուտը, այլև ազգային ինքնության սրբագույն արժեքները։
«Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով: Ո՞ւր եք Երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր...
Մի՞թե այդքան կույր եք և այդքան խուլ: Մի՞թե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգիներ, որ Ձեր նենգ խաղերի սլաքներն ուղղում եք Սուրբ Եկեղեցուն և Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչ է, ժողովրդին բախմա՞ն եք տանում: Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել...
Լսեցեք և կանգ առեք, ապիկարներ, ոչ մի եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, երբեք ձեզ թույլ չի տա պիղծ ձեռքերով ու անձերով Սուրբ Էջմիածնի և նրա Ազգընտիր ու Աստվածարյալ Հայրապետի վրա սուր բարձրացնել:
Հայոց Եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց Եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը ևւ զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։