Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում կհստակեցվի դրա մոդելը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի էներգահամակարգի առանձնահատկությունները, այնպես էլ հզորության և ֆինանսավորման կառուցվածքի հարցերը։ Այդ մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։
Նախարարը նշել է, որ այս նպատակով իրականացվում է տարբեր երկրներում արդեն կիրառվող միջուկային տեխնոլոգիաների՝ այդ թվում մոդուլային ռեակտորների ուսումնասիրություն, հայտնում է Արմենպրեսը։
«Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով շարունակվում են աշխարհում գործող միջուկային տեխնոլոգիաների, այդ թվում՝ մոդուլային ռեակտորների ուսումնասիրությունները։ Այդ նպատակով նախորդ տարի կառավարությունը հիմնել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը, որն այս պահին գտնվում է կադրային համալրման փուլում»,- նշել է նախարարը։
Խուդաթյանը շեշտել է, որ զուգահեռ իրականացվում են նաև գործող Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները՝ մինչև 2036 թվականը։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են՝ նպատակ ունենալով ապահովել երկրի էներգետիկ կայունությունը մինչև նոր էներգաբլոկի գործարկման հնարավոր մեկնարկը։
Դեռևս 2023–ին այտարարվեց, որ Միացյալ Նահանգները դիտարկում է ՀՀ–ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։ Սակայն, ըստ որոշ փորձագետների, մոդուլային ռեակտորները չեն կարող այլընտրանք լինել ՀԱԷԿ-ին։