9 հունիսի 2025 - 16:36 AMT
Հակոբյան․ Շատ կցանկանայի, որ Հախվերդյանն ուղիղ ինձնից լսեր, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է հայտնի երգիչ և երգերի հեղինակ Ռուբեն Հախվերդյանի քննադատական խոսքերին «կրթվելը նորաձև է» շարժման հասցեին՝ նշելով, որ շատ կցանկանար, որ Հախվերդյանն ուղիղ իրենից լսեր, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»:

Ըստ Հակոբյանի՝ «մտավորականները պետք է շտապեն լուսանցքում չմնալ և միանալ այս շատ կարևոր խոսակցությանը»:

«Ռուբեն Հախվերդյանի երգերը ինձ համար մեծ արժեք ունեն, և, հետևաբար, այդ երգերը ստեղծողը՝ մեծ հեղինակություն է։ Շատ կցանկանայի, որ հատկապես նա ուղիղ ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»։ Արտիստը, երգահանը, իհարկե, պետք է խոսի ժողովրդի անունից, ներկայացնի նրան։ Այլ կերպ չի էլ լինում։

Բայց «Կրթվելը նորաձև» է շարժման նպատակներից մեկն էլ այն է, որ մենք դադարենք գնահատել մի բան, որի մասին մասին բավարար չափով տեղեկատվություն, գիտելիք և պատկերացում չունենք։ Մոլորություն է վստահ լինելը, թե ով գիտի՝ ինչ ասել է կրթություն, գիտի նաև՝ ինչի մասին է «Կրթվելը նորաձև է» շարժումը։

Ի դեպ՝ 8000 մարդ Երևանում և մարզերում արդեն լսել է «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունները։ Կարծում եմ՝ առավել ևս, մտավորականները պետք է շտապեն լուսանցքում չմնալ և միանալ այս շատ կարևոր խոսակցությանը»,–գրել է նա։

Ռուբեն Հախվերդյանը Factor-ին տված հարցազրույցում ասել է․ «Ի՞նչ ասել է կրթվելը նորաձև է։ Պատկերացնում ենք այդպիսի հարց տային Սոկրատեսի ժամանակ՝ կասեր, ինչ հիմար բան եք ասում։ Մարդիկ միշտ են ձգտել կրթության։ Դրա նորձևը ո՞րն է»։