«Արթուն ենք» նախաձեռնության համահիմնադիր Էդգար Ղազարյանը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավարի վերջին հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող պատգամավորների թիվը շարունակաբար նվազել է։
Նա հավելել է, որ «իմպիչմենտ լինելու է, Փաշինյանը հեռացվելու է սահմանադրական ճանապարհով, խաղաղ, անարյուն»,–գրում է Panorama.am-ը։
«Հունիսի 9-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է Ազգային ժողովի 71 պատգամավորների վստահությունը։ Մի քանի ամիս առաջ այդ թիվը 107 էր, հետո դարձավ` 105, շաբաթ օրվա դրությամբ դարձավ 99, իսկ հիմա արդեն 71: Թիվը ոչ միայն նվազում է, այլ սրընթաց կերպով իջնում։ Ընդամենը 18 պատգամավորի խելամիտ, Սահմանադրության և օրենքների պահանջներից բխող որոշման արդյունքում մենք կհասնենք բաղձալի թվին և արդյունքին։
Իմպիչմենտ լինելու է։ Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է սահմանադրական ճանապարհով, խաղաղ, անարյուն։ Մեկ ամիս առաջ այսօրվա իրականությանը ոչ ոք չէր հավատում։ Որոշները դեռ չեն հավատում այն իրականությանը, որ գալու է առաջիկայում»,–ասվում է գրառման մեջ։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին, վերահաստատել է, որ «Հայաստան» խմբակցությունը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար։
«Պատիվ ունեմ» խմբակցությունն իր հունիսի 7-ին կայացած նիստում կայացրել է միասնական որոշում՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ չի միանալու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջադրմանն ուղղված գործընթացին վարչապետի պաշտոնի համար։