9 հունիսի 2025 - 17:53 AMT
Երիցյան․ ՀՀ-ում վտարանդի կառավարություն չկա, Շահրամանյանը պաշտպանում է Արցախի ժողովրդի շահերը

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ ՀՀ-ում վտարանդի կառավարություն գոյություն չունի, Սամվել Շահրամանյանը շարունակում է պաշտպանել բացառապես Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի շահերը՝ անկախ հանգամանքից` նրա հայտարարությունները կլինեն ընդդիմադիր, թե իշխանական: Նա այդ մասին ասել է ՔԿ–ում Շահրամանյանի հերթական հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով, Սամվել Շահրամանյանին հարցաքննությունների կանչելու ինտենսիվությունը պայմանավորված է բացառապես գործի ծավալով, հայտնում է Aysor.am-ը։

«Քրեական գործը վերաբերում է Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տիրապետության տակ անցնելուն, առհասարակ, սպառազինությունն Ադրբեջանին հանձնվելու և այլ գործողություններին։ Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ այդ մեկ-երկու օր տևողությամբ իրադարձությունները ենթադրելու են երկար տարիներով վարույթի տևողություն», – ասել է նա՝ հավելելով, որ դեռ իրավասու չէ ներկայացնել գործընթացի մանրամասները։

Հարցին, թե Շահրամանյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդո՞ւմ է՝ փաստաբանը պատասխանել է, որ այդ վարույթի շրջանակներում չի կարող արձանագրել նման բան, կոնկրետ այս վարույթով Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ։

«Այս վարույթի շրջանակներում ոչ թե ուզում են պարզել, թե ով է հանձնել Արցախը․ ինձ, Հայաստանի ցանկացած բնակչի համար ավելի քան պարզ է, թե ով է հանձնել, այլ այս վարույթը վերաբերում է զինվորական անփութությանը, զենք-զինամթերք, ռազմամթերք թշնամուն հանձնելուն»,- ասել է արցախցի փաստաբանը։

Լրագրողի հարցին՝ ո՞ւմ է ակնարկում, ո՞վ է հանձնել Արցախը՝ Երիցյանն ի պատասխան ասել է. «Հայաստանի՝ այս պահի դրությամբ իշխանությունը գրաված ներկայացուցիչներին, գործադիր իշխանության ղեկավարներին։ Ցանկացած արցախցու, արդեն նաև Հայաստանի բնակչի համար ավելի քան ակնհայտ է, որ Արցախը հանձնվել է Հայաստանի իշխանությունների դիտավորությամբ, թե անփութությամբ՝ էական չէ, էականն այն է, որ նրանց գործողություններով»։

Մայիսի 21–ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորությունների ժամկետը։ Նա ընտրվել է նախագահի պաշտոնում 2023 թվականի սեպտեմբերի 9-ին։ Դեռևս այդ օրը հայտարարվել էր, որ առաջիկա 10 օրվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել Արցախի նախագահի ընտրություն, որի արդյունքով հայտնի կդառնա նոր նախագահը, սակայն մինչ օրս դա չի արվել։