Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ համայնքը և ազատ քաղաքացիական անհատներ, խորը մտահոգությամբ ու վրդովմամբ են արձագանքում «Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին»։
«Մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ:
«Դա մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։
Այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագույն հետևանքները Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքակական գործիչներ, տարածքային կորուստներ, և ազգային արժանապատվության ճգնաժամ՝ հենց այս պահին թիրախավորել Եկեղեցին նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին։
Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է Եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը՝ իշխանությունը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը՝ նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով։
Սա պատահականություն չէ։ Սա մտածված քաղաքականություն է։
Սա փորձ է՝
. Սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, դատարկելու ազգային պետականության բովանդակությունը,
. Տկարացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը,
. Դատարկելու ազգային պետականության բովանդակությունը։
Մենք հայտարարում ենք՝
Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը։
Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։
Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։
Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։
Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարցն է։
Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության։ Սա վերաբերում է մեզ բոլորիս»,–ասվում է հայտարարության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը ևւ զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։