9 հունիսի 2025 - 18:01 AMT
Գրիգորյան․ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները քաղցկեղի պատճառ կարող են դառնալ

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի ղեկավար Ռուբեն Գրիգորյանը նախազգուշացրել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը, եթե շոգ ժամերին երկար ժամանակ անցկացնել արևի ուղիղ ճառագայթների տակ։

«Օրվա շոգ ժամերին չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո՝ հաշվի առնելով, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասակար ազդեցություն ունենալ օրգանիզմի համար, մասնավորապես կարող են առաջացնել բշտիկներ, այտուցվածություն, քոր, ընդհուպ մինչև քաղցկեղի որոշ տեսակներ»,– ասուլիսում ասել է Ռուբեն Գրիգորյանը, հայտնում է Panorama.am-ը։

Մասնագետը հորդորել է 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամերին խուսափել արևի տակ գտնվելուց։ Նա նաև խորհուրդ է տվել կիրառել կանխարգելիչ մեթոդներ՝ օգտագործել լայնեզր գլխարկներ, նախընտրել բաց գույնի հագուստ, ինչպես նաև մաշկը պաշտպանել հատուկ քսուկների միջոցով։

Գրիգորյանը շեշտել է նաև հեղուկի, մասնավորապես՝ ջրի օգտագործման կարևորությունը՝ նշելով, որ բարձր ջերմաստիճանների պայմաններում օրգանիզմը պահանջում է լրացուցիչ հեղուկ՝ կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները պահպանելու նպատակով։

«Քրոնիկ հիվանդություններ, սրտանոթային, միզասեռական համակարգի հետ կապված հվանդություններ ունեցող մարդիկ պետք է խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ, շոգ ժամերն անցկացնեն հիմնականում պառկած», – ասել է Գրիգորյանը։