9 հունիսի 2025 - 18:10 AMT
Միրզոյանը ՄԱԿ համաժողովի շրջանակում Բարոյի հետ հանդիպմանը խոսել է միջազգային հարթակներում փոխգործակցության մասին

Ֆրանսիական Նիսում ընթացող ՄԱԿ-ի օվկիանոսների հարցերով համաժողովի (UNOC3) շրջանակում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այդ մասին Միրզոյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ տեսնել իմ լավ գործընկերոջն ու բարեկամին՝ Ժան-Նոել Բարոյին, այս անգամ Նիսում՝ UNOC3-ի շրջանակներում։ Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ փոխգործակցությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի անցկացումը Երևանում 2026 թվականին»,-գրել է Միրզոյանը։

ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցում է ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։