9 հունիսի 2025 - 18:18 AMT
Թունյան․ Կոնյակագործներին որոշակի աջակցություն կտրամադրվի

Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման նախնական քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ գործադիր մարմնի ներկայացուցիչներն արդեն զբաղվում են կոնյակ արտադրողների խնդիրներով։ Նրա խոսքով, Էկոնոմիկայի նախարարությունը աջակցության մի քանի քայլեր է ձեռնարկել:

«Չգիտեմ՝ դրանք սկսե՞լ են գործել, թե՞ չէ, բայց հաշվի առնելով այն, որ այս մարդիկ վնասներ են կրում, որոշակի աջակցություն նրանց տրամադրվելու է»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Թունյանը նշել է, որ ինքը խնդիրը քննարկել է նաև Վրաստանում՝ այնտեղի խորհրդարանի շրջանակում։ Ըստ նրա՝ խնդիրը միակողմանի չէ և հստակ մեղավոր կողմ մատնանշել հնարավոր չէ։

«Խնդիրը բազմաշերտ է: Այնպես չէ, որ հստակ կարելի է ասել, թե ում հետ է կապված կամ ինչ խնդրի հետ է կապված: Բայց հաստատ այնպես չէ, որ առանձին տնտեսվարողների հետ է կապված, համակարգային խնդիր է: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարցերը կբարձրաձայնվեն»,–ասել է նա։

Նա շեշտել է, որ անկախ առկա դժվարություններից, տեղական արտադրողները նույնպես պետք է ավելի ուշադիր լինեն իրենց արտադրանքի որակի նկատմամբ։

«Անկախ այդ ամեն ինչից, եթե շատ անկեղծ լինենք, տեղի արտադրողները նման խնդիրներից իրենց առավել քան ապահովագրելու համար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրենց ապրանքների որակին, որովհետև, ցավոք սրտի, երբեմն դա դառնում է լծակ: Այստեղ գնացող ապրանքների մեջ որոշակի թերությունները մի քանի տարի կարող է չբարձրաձայնվեն, բայց ինչ-որ հարմար պահի, երբ պետք է, կարող է համակարգված արգելքի տեսքով [արտահայտվեն]»,-ասել է նա։

Թունյանը հավելել է նաև, որ տարանցիկ բեռների մասով կատարվել են որոշ ճշգրտումներ, նշելով, որ վրացական կողմն իրավասու է սահմանել որոշակի ընթացակարգեր և փորձաքննություններ։

«Չգիտեմ՝ օրենքով ինչքան ժամանակ է տևում, բայց անգամ մի օրը տնտեսվարողի համար բեռ է, ու այդ խնդիրները նրանց համար լուրջ դժվարություններ են ստեղծում, բայց հույս ունենք, որ առաջիկայում նման խնդիրները կա՛մ կլուծվեն, կա՛մ չեն կրկնվի»,–ասել է նա։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն իր հերթին նշել է, որ հարցը գտնվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության շրջանակում, և թեև որոշ լուծումներ արդեն կան, հանձնաժողովը պատրաստ է համագործակցության, այդ թվում՝ համատեղ քննարկում անցկացնելու՝ ԱԺ-ի և նախարարության մասնակցությամբ։

Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ կոնյակով բեռնված 52 հայկական բեռնատար Վրաստանում 14 օր կանգառից հետո այսօր շարունակել է իր ճանապարհը դեպի Ռուսաստան։ Վրաստանում մնացել է 72 բեռնատար։ Կան նաև բեռնատարներ, որ դեռ սահմանին են, 100 մեքենա էլ Հայաստանում է պատրաստ ճանապարհ ընկնելու։

Հայ կոնյակագործները մի քանի անգամ բողոքի ցույց են արել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։