«Նեմրա» ռոք խումբը մեծ համերգով կներկայացնի տևական ընդմիջումից հետո թողարկած իր առաջին ալբոմը: Ասուլիսում այդ մասին հայտարարել են «Նեմրա» ռոք խմբի անդամները, որոնք իրենց երկրպագուներին են ներկայացնելու The end of The Party վերնագրած նոր ալբոմում ընդգրկված ստեղծագործությունները, հայտնում է Արմենպրեսը։
Համերգը տեղի կունենա հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Համերգը, ինչպես նշել է խմբի վոկալիստ և կիթառահար Վան Եղիազարյանը, լինելու է երկու մասից բաղկացած։ Նրա խոսքով՝ երկար քննարկումներից հետո որոշվել է, որ երգացանկը չի բաժանվի հին և նոր ստեղծագործությունների, այլ կներկայացվի միաձուլված ձևով։
Եղիազարյանը հայտնել է, որ նոր ալբոմը, ինչպես նախորդ երկուսը, պարունակում է 11 երգ, որոնց հեղինակներն են ինքն ու խմբի բեք-վոկալ և բաս կիթառ նվագող Վասպուր Եղիազարյանը։ Երգերը գրված են անգլերենով։ Նա ընդգծել է, որ այս անգամ ավելացել են ծանր հնչողությամբ կատարումները։
«Ցավոք, չենք կարողանա ներկայացնել մեր առաջին ալբոմի բոլոր երգերը, թեպետ մեկնաբանություններում արդեն տեսնում ենք հանդիսատեսների առաջարկած տարբերակները: Եթե բոլորը նվագենք, համերգը կտևի մինչև առավոտ: Չենք ցանկացել համերգը շատ հագեցնել այլ կատարումներով, քանի որ բուն նպատակը մեր նոր ալբոմը ներկայացնելն է»,- նշել է Վան Եղիազարյանը։
Երգիչը շեշտել է, որ խմբի անդամները մեծ ոգևորությամբ սպասում են բեմ վերադառնալուն։ Նա պարզաբանել է, որ ալբոմի երգերում ներառված են այն ապրումները, որոնք իրենց ուղեկցել են 2019-ի նախորդ ալբոմից հետո, արտացոլելով կյանքի տարբեր դրվագներ։
«Հատուկ թեմաներ չենք ընտրել: 2019 թվականին մեր նախորդ ալբոմի թողարկումից հետո մինչև հիմա կուտակված էմոցիաները, մտքերն ու զգացմունքներն են ներառված այդ բոլոր երգերում, մեր կյանքի դրվագներն են: Այս ալբոմի երգերն առաջարկում են մեր այժմյան տրամադրությանն այլընտրանքային տրամադրություն: «Party»-ն տվյալ դեպքում «fast food» ապրելակերպն է թե՛ երաժշտության մեջ, թե՛ ընդհանրապես մեր կյանքում: Մակերեսային մտածելակերպը, զգացմունքները, մտքերը: Ժամանակն է վերջ տալու այդ մակերեսային փարթիներին: Իսկ ալբոմի շապիկին պատկերված է կրակի միջից հանված ալբոմ, որը փարթիի ժամանակ շպրտվել է մի կողմ՝ կրակի մեջ: Այն մարդիկ, որոնք կլսեն այս երգերը, կփրկեն այդ ալբոմը և ընդհանրապես այն երաժշտությունը, որն առաջարկում է միտք, մեղեդի, զգացմունք»,- ասել է նա։
Եղիազարյանը հավելել է, որ համերգի ընթացքում կմեկնաբանվի նաև Էդգար Էլբակյանի հեղինակած երգը, որը նախկինում ներկայացվել է Լիլիի հետ, իսկ այս անգամ կհնչի բացառապես «Նեմրա»-ի ձևաչափով։ Բացի այդ, կազմակերպվելու է հատուկ խաղարկություն, որի հաղթողը պատահականության սկզբունքով կընտրվի հանդիսատեսների շարքից։ Հաղթողին կպարգևատրեն խմբի ստորագրություններով CD սկավառակով, շապիկով ու տարբերանշանով պայուսակով, ինչպես նաև նա կստանա հնարավորությունը շփվելու իր սիրելի երաժիշտների հետ համերգից հետո։
Երբ Վան Եղիազարյանից հետաքրքրվել են՝ նախատեսո՞ւմ են արդյոք թողարկել հայերեն երգերով ալբոմ, նա պատասխանել է. «Երբեք չենք ստիպել մեզ գրել ինչ-որ թեմայով, կամ կոնկրետ լեզվով: Դա մեզնից անկախ է ստացվում: Հայերեն երգեր ունենք՝ երկուսն արդեն պատրաստ են, իսկ «Բացիր աչքերդ» երգը նույնիսկ հրապարակել ենք: Եթե երգերի համապատասխան քանակ ապահովենք, ապա կթողարկենք հայերեն երգերով ալբոմ, բայց դրան, թերևս, հարկ կլինի երկար սպասել»:
Խմբի բեք-վոկալ և ստեղնաշարային գործիքներ նվագող Մարիաննա Կարակեյանը նշել է. «Այս համերգից առաջ հուզմունքս գնալով աճում է: Բայց շատ ոգևորված ենք: Վերջերս Սերժ Թանկյանի հետ համագործակցությամբ տեսահոլովակ ենք պատրաստել, որի երգը կենդանի հնչողությամբ դեռ չենք կատարել: Առաջիկա համերգի ժամանակ մենք կերգենք այն, սակայն Սերժ Թանկյանի ձայնը կհնչի ձայնագրված տարբերակով, քանի որ նա, ցավոք, չկարողացավ ներկա գտնվել»:
Իսկ Վասպուր Եղիազարյանը ընդգծել է, որ այս ելույթը նաև լավ հնարավորություն է մտածելու հաջորդ ալբոմի ստեղծման մասին։ Հարվածային գործիքների մասնագետ Մարեկ Զաբորսկին իր հերթին խոստացել է, որ ինքը և իր գործընկերները ամեն բան անելու են՝ հանդիսատեսին էներգիայով լցնելու և բարձր որակի երաժշտություն մատուցելու համար։