ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հորդորել է ուշադրություն դարձնել պաղպաղակի պահպանման պայմաններին, նշելով, որ հալված և նորից սառեցված պաղպաղակը կարող է մանրէներ պարունակել:
Նա ընդգծել է, որ պաղպաղակը, որպես սառեցված կաթնամթերք, հատկապես ամռան ամիսներին նախընտրելի ուտեստ է շատերի համար, սակայն, ինչպես ցանկացած սննդամթերք, այն ունի թե՛ դրական կողմեր, թե՛ հնարավոր վնասներ՝ կախված կազմից, օգտագործման հաճախականությունից ու չափից։
Ըստ մասնագետի՝ պաղպաղակն ունի մի շարք օգտակար հատկություններ՝
- Կալցիումի բնական աղբյուր է, քանի որ պատրաստվում է կաթից և նպաստում է ոսկրերի ու ատամների ամրացմանը։
- Արագ էներգիա տրամադրող է՝ շաքարների ու ճարպերի պարունակության շնորհիվ օգտակար կարող է լինել ակտիվ ապրելակերպ ունեցող մարդկանց, մասնավորապես՝ երեխաների համար։
- Բարձրացնում է տրամադրությունը և նվազեցնում սթրեսը՝ իր հաճելի համի և հովացնող ազդեցության շնորհիվ, ինչը խթանում է դոպամինի ու սերոտոնինի արտազատումը։
- Օգնում է ժամանակավորապես նվազեցնել մարմնի ներքին ջերմաստիճանը շոգ եղանակին։
Միաժամանակ նա նախազգուշացրել է հնարավոր վտանգների մասին՝
- Բարձր քանակով շաքար պարունակող պաղպաղակները կարող են առաջացնել ատամների խոցելիություն, քաշի ավելացում և շաքարային դիաբետի դեպքում գլյուկոզի կտրուկ աճ։
- Որոշ պաղպաղակներում առկա են արհեստական գունանյութեր ու հավելումներ (E-xxx), որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ կամ վնասել առողջությանը՝ երկարատև օգտագործման դեպքում։
- Յուղալի պաղպաղակներում ճարպերն ու կալորիաները բարձր են, ինչը նպաստում է սրտանոթային հիվանդությունների ռիսկի ավելացմանը։
- Սառը ազդեցությունը, հատկապես մեծ քանակությամբ ու արագ ուտելու դեպքում, կարող է հանգեցնել կոկորդի բորբոքման, գլխացավի (brain freeze) կամ մարսողական խնդիրների՝ հատկապես լակտոզայի նկատմամբ անհանդուրժողականության դեպքում։
Մուրադյանը ներկայացրել է նաև օգտակար խորհուրդներ՝ վնասներից խուսափելու համար․
- Նախընտրելի է ընտրել բնական պաղպաղակ՝ առանց հավելումների և գունանյութերի։
- Սահմանափակել օգտագործման քանակը՝ շաբաթական առավելագույնը երկու անգամ՝ փոքր չափաբաժնով։
- Կարելի է պատրաստել տնային պայմաններում՝ օգտագործելով մրգեր, յոգուրտ կամ սառեցված բանանի խյուս։
- Պահպանման պայմաններին հետևելը պարտադիր է, քանի որ հալվելու և նորից սառեցվելու դեպքում պաղպաղակը դառնում է պոտենցիալ մանրէակիր։
«Պաղպաղակը ճիշտ պահպանելու համար խորհուրդ է տրվում՝
- Սառցախցիկը պետք է ապահովի -18°C կամ ավելի ցածր ջերմաստիճան։
- Կրկնակի սառեցումը խստիվ արգելվում է՝ այն կարող է նպաստել բակտերիաների բազմացմանը։
- Ամեն բացումից հետո պետք է տարան անմիջապես փակել և վերադարձնել սառցախցիկ՝ առանց ուշացման։
- Պաղպաղակը խորհուրդ է տրվում պահել սառցախցիկի խորքում, ոչ դռան հատվածում, քանի որ այնտեղ ջերմաստիճանը հաճախ փոփոխվում է։
- Եթե հանել եք պաղպաղակը բուն փաթեթից, պահեք փակ տարայի մեջ՝ պաշտպանելու համար արտաքին հոտերից և բակտերիալ աղտոտումից։
Փչացած պաղպաղակի հիմնական նշաններն են՝
. Սառույցի բյուրեղներ ամբողջ մակերեսին,
. Տարօրինակ հոտ կամ համ,
. Ջրալի, հատիկավոր կամ անհարթ կառուցվածք,
. Փոխված գույն։
Թունավորման դեպքում խորհուրդ է տրվում՝
•Օգտագործել բավարար քանակությամբ հեղուկներ՝ ջուր կամ աղային լուծույթներ,
•Հանգիստ դիրքով պառկել,
•Մի քանի ժամ խուսափել ծանր սննդից,
•Երկարատև կամ ուժեղ ախտանիշների դեպքում անհապաղ դիմել բժշկի, հատկապես՝ երեխաների և հղի կանանց դեպքում»,–ասվում է գրառման մեջ։