10 հունիսի 2025 - 10:27 AMT
Կիլիկիո կաթողիկոսություն. Մտահոգված ենք եկեղեցու նկատմամբ իշխանության պահվածքով

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի գլխավորությամբ անցկացվել է «Կիլիկիա» վերլուծական հարթակի առցանց հանդիպումը, որի մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանության պահվածքով։ Հայտարարություն է ընդունվել։

«Ժողովականները խոր մտահոգություն են հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ պետական իշխանությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերի հետևանքով ստեղծված մթնոլորտի կապակցությամբ։ Անընդունելի է համարվել հարցերի նման ձևով բարձրացումն ու քննարկումը, որոնք չեն բերում լուծումների, այլ ստեղծում են ներհասարակական լարվածություն»,- ասված է հայտարարության մեջ։

Ժողովը նաև անդրադարձել է Բեռնում Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված համագումարին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Մայիսի 30–ից սկսած նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։

Դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։