Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի՝ «Աջափնյակի» նախագիծը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն։Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները:
Առաջիկայում նախատեսվում է՝ ամբողջական ֆինանսավորման հաստատում ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ, շինարարության մրցույթի նախապատրաստում։
Նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկել ենք «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ հանդիպման ընթացքում»,–ասվում է գրառման մեջ։
2024–ի մարտին հայտարարվել էր, որ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթն ավարտվել է, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր հաղթող կազմակերպության հետ: Հայտարարվել էր, որ նախատեսվում է շինաշխատանքները սկսել 2024–ին։