Հունիսի 5-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը՝ USCIRF–ը, անցկացրել է առցանց լսումներ Ադրբեջանում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ, որոնց ժամանակ ընդգծվել են քաղբանտարկյալների և երկրում խոսքի ազատության բացակայության հարցերը, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:
Լսումները կենտրոնացած էին Ադրբեջանի մտահոգիչ կրոնական ազատությունների և մշակութային ժառանգության ոչնչացման, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական վայրերի ոչնչացման վրա, որոնք շարունակում են սպառնալիքի տակ մնալ, մինչ Ադրբեջանի իշխանությունները «վերացնում են հայկական մշակութային ժառանգությունը»։
2025թ․-ի փետրվարին USCIRF-ը մեկնել է Ադրբեջան՝ երկրի կրոնական ազատության վիճակը ուսումնասիրելու նպատակով և հանդիպումներ ունեցել կրոնական համայնքների, մարդու իրավունքների պաշտպանների և կառավարության պաշտոնյաների հետ։ Իր 2025թ․-ի տարեկան զեկույցում USCIRF-ը խորհուրդ է տվել ԱՄՆ Պետդեպարտամենտին Ադրբեջանը ներառել հատուկ հսկողության ցուցակում՝ «կրոնական ազատության կոպիտ խախտումների» համար։
Իր բացման խոսքում USCIRF-ի նախագահ Սթիվեն Շնեկը Ադրբեջանի կրոնի մասին օրենքը բնութագրել է որպես «աշխարհի ամենաճնշողներից» մեկը։ Նա քննադատել է վերջին օրենսդրական փոփոխությունները, որոնք ամրապնդել են ռեժիմի վերահսկողությունը և երկիրն էլ ավելի հեռացրին միջազգային նորմերից։
Հանձնաժողովի նախագահ Շնեկը մտահոգություն է հայտնել Ալիևի ռեժիմի կողմից «Լեռնային Ղարաբաղում հին հայկական եկեղեցիների և այլ կրոնական ու մշակութային վայրերի շարունակական ոչնչացման և վերապրոֆիլավորման» վերաբերյալ։ Նա հորդորել է ԱՄՆ Պետդեպարտամենտին պահել Ադրբեջանը հատուկ հսկողության ցուցակում և շարունակել մշտադիտարկել երկրում կրոնական իրավունքներն ու ազատությունները։
Հանձնակատար Վիքի Հարցլերը դատապարտել է Ադրբեջանում կրոնական խմբերի նկատմամբ կիրառվող բռնաճնշումներն ու դաժանությունը և կոչ արեց քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ կիրառել կրոնական իրավունքների խախտումների մեջ ներգրավված պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ։
Հանձնակատար Հարցլերը նաև ընդգծել է հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը հետագա ոչնչացումից պաշտպանելու կարևորությունը և խորհուրդ տվել միջազգային դիտորդական առաքելություններ ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և վայրերը գույքագրելու համար՝ կոչ անելով Կոնգրեսին շարունակել ներգրավված լինել այս կարևորագույն հարցում։
Վկաները, այդ թվում՝ Օդրի Ալտստադտը (Մասաչուսեթսի համալսարան, Ամհերսթ), Ֆելիքս Քորլին (Ֆորում 18 լրատվական ծառայության խմբագիր), Արզու Գեյբուլան (Ազատ ձայների միավորման համահիմնադիր) և Հուսիկ Ղուլյանը (Caucasus Heritage Watch-ի առաջատար հետազոտող) քննարկել են Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները և կիսվել ԱՄՆ կառավարությանն ուղղված առաջարկություններով՝ Ադրբեջանում կրոնական ազատությանն աջակցելու համար:
Պանելային քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց բացահայտումներն Ադրբեջանում տիրող իրավիճակի, կառավարության կողմից կրոնական և քաղաքական իրավունքների բռնաճնշման, ինչպես նաև Արցախում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման վերաբերյալ։ Նրանք քննադատել են Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քաղաքականությանը միջազգային արձագանքի բացակայությունը և կոչ արել կիրառել թիրախային պատժամիջոցներ, այդ թվում՝ «Գլոբալ Մագնիտսկու ակտի» շրջանակներում։ Նրանք նաև կողմ են արտահայտվել, որպեսզի Ադրբեջանի հետ ցանկացած քաղաքական կամ տնտեսական հարաբերություն կառուցելը պայմանավորված լինի ռեժիմի կրոնական, քաղաքական և այլ հիմնարար մարդու իրավունքները պաշտպանելու հանձնառությամբ։
Այս լսումները հաջորդել են նախորդող շաբաթ Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած՝ Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը նվիրված միջազգային համաժողովին, որտեղ Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (WCC) հայտարարություն տարածեց, որ իրենք «վկայում են տարածաշրջանում հայ քրիստոնյաների հազարամյակների ներկայության վերացման և եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և այլ սրբազան ու մշակութային վայրերի լայնածավալ ոչնչացման մասին՝ համաձայն անկախ մարմինների կողմից փաստագրման, ինչպիսիք են՝ Caucasus Heritage Watch-ը, Save Armenian Monuments-ը, Monument Watch-ը և այլ մշակութային գործիչներ»։
Կազմակերպությունը մշակութային ժառանգության ոչնչացումը որակել է որպես «միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և կարող է համարվել մարդկության դեմ հանցագործություն ու ցեղասպանության մտադրության նշաններ։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Միավորված Ազգերի Կազմակերպությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ապահովել հաշվետվողականություն և պահպանել մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության իրենց մանդատները»։
Համակարգված միջազգային գործողությունների կոչ անելով ՝ WCC-ն հորդորել է «կառավարություններին և միջազգային մարմիններին՝ դիվանագիտական և իրավական քայլեր ձեռնարկել՝ ԵԱՀԿ-ի և այլ կոնվենցիաների հիման վրա հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու, մարդկանց դեպի իրենց հողեր վերադարձին աջակցելու և Բաքվում հայ պատանդների ազատագրման ուղղությամբ ակտիվորեն աշխատելու համար»։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։