ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցության քայլերին։
Նախարարը նշել է, որ Հայաստանը՝ լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, ներկայում շարունակում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել կազմակերպության մանդատին համահունչ տարբեր նախաձեռնությունների իրականացման գործում՝ չնայած առկա մարտահրավերներին ու փոփոխություններին։
Կողմերը մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր կառույցներում ընթացող աշխատանքների մասին։
Նշվել է նաև, որ մանրամասն անդրադարձ է կատարվել ՀՀ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հեռանկարներին՝ հատկապես հաշվի առնելով, որ 2026 թվականի աշնանը Հայաստանը հյուրընկալելու է COP17 համաժողովը։ Այս համատեքստում կարևոր է դիտարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարուստ փորձը և առկա գործիքակազմը տվյալ բնագավառում։
Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը՝ ի նշան երախտագիտության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին հանձնել է Բարեկամության շքանշանը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ-ՅՈՒՆԵՍԿՕ հարաբերությունների ամրապնդման և մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ունեցած էական ներդրման համար։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։