4 տարի տևած քրեական գործընթացն ընդդեմ պրոֆեսոր Արմեն Չարչյանի ավարտվել է՝ Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը․ Չարչյանը չի ազատազրկվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, որը պսակվեց հաջողությամբ:
Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել, ինչը նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ։
Բացառիկ Մարդ, շատերի կյանքը փրկած հրաշագործ Չարչյանը չի ազատազրկվի»,–գրել է նա։
Ավելի վաղ բժիշկը երախտագիտություն էր հայտնել այն մարդկանց, որոնք իր կողքին են եղել բարդ օրերին։
Չարչյանը մեղադրվում էր ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունել՝ այն համարելով քաղաքական հետապնդում։ Նա գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։