10 հունիսի 2025 - 12:05 AMT
Միրզոյանը ստորագրել է «Ծովային կենսաբանական բազմազանության կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ անունից ստորագրել է «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։

Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։

Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրվել է 18 երկրի կողմից, և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասել է 134-ի:

Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին հանձնեցին համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ: