10 հունիսի 2025 - 12:36 AMT
Մեդինսկին Ղարաբաղն անվանել է վիճելի տարածք․ Դա նյարդայնացրել է Բաքվին

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ եթե Ուկրաինայի հետ հակամարտությունը կանգնեցվի ռազմաճակատի գծով, չպայմանավորվելով իրական խաղաղության մասին, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի, որը որոշ ժամանակ անց Ուկրաինան ՆԱՏՕ–ի իր դաշնակիցների հետ կփորձի հետ գրավել, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի։ Մեդինսկին այդ մասին ասել է RT-ի ամերիկացի լրագրողին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մեդինսկին վիճելի է անվանել Ղարաբաղի տարածքը։

«Եթե ուղղակի հրադադար կնքվի, ապա դա կլինի, գիտեք այդպիսի վիճելի տարածք կար Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ղարաբաղը, ապա, այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Մենք չենք ուզում, որ մեր մոտ պատրվակ ստեղծվի՝ հսկայական Ղարաբաղ, որը չի ճանաչվի ոչ մեկի կողմից, և որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել»,–ասել է Մեդինսկին։

Այս հայտարարությունը նյարդայնացրել է պաշտոնական Բաքվին` Ղարաբաղը որպես վիճելի տարածք ներկայացնելն այնտեղ «ափսոսանք և զարմանք է առաջացրել»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ:

Ըստ նրա, «խեղաթյուրվել են փաստերը նախկին հայ–ադրբեջանական հակամարտության վերաբերյալ և Ղարաբաղի տարածաշրջանը ներկայացվել է որպես վիճելի տարածք, ինչը ափսոսանք և զարմանք է առաջացնում», հայտնում է APA-ն։

Հաջիզադեն ընդգծել է` զարմանալի է, որ Մեդինսկին, որպես ՌԴ նախագահի օգնական և Ռուսաստանի պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, «չգիտի, որ Ղարաբաղը երբեք չի եղել վիճելի տարածք»: Նա հավելել է, թե «Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի հողն է, և Ռուսաստանը ճանաչել և ճանաչում է Ղարաբաղն Ադրբեջանի մաս»։

«Զարմանալի է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ղեկավարի օգնականը կամ չի հասկանում, կամ չի ուզում հասկանալ իր երկրի պաշտոնական դիրքորոշումը»,–ասվում է հայտարարության մեջ

Հաջիզադեն հորդորել է Մեդինսկուն՝ «չանդրադառնալ իր լիազորություններից դուրս գտնվող հարցերին, կեղծ հայտարարություններ անելով, չվնասելու համար երկու երկրների պետական հարաբերություններին»:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

Photo. TASS