10 հունիսի 2025 - 12:54 AMT
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է խարիսխ, քարե օջախ և այլ գտածոներ

Տաթևի Մեծ անապատում իրականացվող պեղումների նախապատրաստական փուլը արդեն իսկ բերել է կարևոր բացահայտումների։

Ամբողջ տարածքն ազատագրվել է խիտ բուսածածկույթից ու մացառներից, ինչի արդյունքում նախկինում անանցանելի վայրերն այժմ դարձել են լիարժեք հասանելի այցելուների համար։ Շրջագայության ենթակա են դարձել նաև բազմաթիվ խցեր ու օժանդակ կառույցներ, որոնց ներսում մաքրման աշխատանքներից հետո վերադասավորվել են հարյուրավոր քարեր՝ պարունակելով ճարտարապետական տարրերի և կոթողների բեկորներ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Վերաբացվել են տարիներով փակված մի շարք սենյակների մուտքեր։ Թեև պեղումները հիմնականում գտնվել են նախապատրաստական փուլում, որոշ հատվածներում արդեն իրականացվել են մասնակի պեղումներ, որոնց ընթացքում ի հայտ են եկել ինչպես անջնարակ, այնպես էլ ջնարակված խեցեղենի ու հախճապակու բեկորներ։

Նշանակալի առաջընթաց է գրանցվել դամբարանի տանիքի, ինչպես նաև սեղանատան, խոհանոցի և մի շարք այլ շինությունների ներքին տարածքների մաքրման գործընթացում։ Հայտնաբերված նյութերի թվում են արձանագիր խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ։

Հատկապես ուշագրավ են համարվել նորահայտ խարիսխը, քարե օջախը, ջնարակապատ թասիկի բեկորը և այլ հնագիտական առարկաներ։

Պեղումները դեռևս ընթացքի մեջ են։