10 հունիսի 2025 - 13:07 AMT
Աբրահամյան․ Մայր Աթոռի դեմ հարձակումների կանխումը 2 մակարդակ ունի

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «սահմանադրությամբ, կառավարության և նախընտրական ծրագրերով ստանձնած պարտավորությունները լիակատար տապալող անձը, ով որևէ լուրջ ռեֆորմ չի արել կամ մինչև վերջ չի ավարտել, Եկեղեցու վարքուկանոնից ու փոփոխություններից է խոսում»:

Նա նշել է, որ Մայր Աթոռի դեմ հարձակումների կանխումը 2 մակարդակ ունի:

«Նույնն այլ բառապաշարով ձայնակցում են Բաքվից. վերջին շաբաթներին Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ձայնն էականորեն բարձրացրել են, բառապաշարը կոշտացրել:

Մայր Աթոռի դեմ հարձակումների կանխումը երկու մակարդակ ունի:

Քաղաքական առումով այն իշխանափոխության իրականացումն է, իսկ այս պահին միակ քաղաքական օրակարգը անվստահության գործընթացն է` անկախ այդ պրոցեսի վերաբերյալ տարբեր մոտեցումներից:

Երկրորդը, հոգևոր-բարոյական մակարդակն է, որի մոտեցումները, սկզբունքներն ու ճանապարհը պետք է սահմանի Սուրբ Էջմիածինը:

Նշածս երկու մակարդակների ներդաշնակ գործունեությունից պետք է բխի ոչ միայն Մայր Աթոռի, այլ հավաքական հայության շահերի պաշտպանությունն ու դրանց առաջ մղումը»,–գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։