Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը, հայտնում է Tasnim գործակալությունը։
Նրա ձևակերպմամբ՝ Իրանը երբեք այնքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել, որքան այսօր է, և այդ հզորության վառ նշաններից մեկը Իրանի արագ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ճգնաժամին, գրում է Sputnik Արմենիան։
«Երբ որոշ երկրներ փորձում էին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով, նախագիծ, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի արգելափակում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը», – ասել է Վելայաթին։
Վելայաթին պնդել է, որ Ջո Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնում խոստովանել էր, որ ամեն ինչ պատրաստ էր միջանցքը գործարկելու համար, բայց հենց Իրանն էր, որ թույլ չտվեց այդ նախագիծը կյանքի կոչել։
«Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է խելամիտ դիվանագիտության օգնությամբ պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը», – հայտարարել է Վելայաթին։
Նրա խոսքերով՝ Իրանի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն բխում է ազգային շահերից, այլև հանդիսանում է խոշոր խոչընդոտ՝ տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտության ճանապարհին։
Վելայաթին նաև ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի հիմնական նպատակը եղել է ոչ միայն Իրանը հյուսիսից մեկուսացնելը, այլև Ռուսաստանի շուրջ հարավային ուղղությամբ օղակ ստեղծելը, ինչը ևս չի իրագործվել։
Թեհրանը մշտապես իր հստակ հակազդեցությունն է արտահայտել արտատարածքային միջանցքի գաղափարին՝ այն որակելով որպես սպառնալիք, որին կողմ են հանդես գալիս Թուրքիան և Ադրբեջանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է8, թե Բաքուն տարածքային հավակնություններ չունի Հայաստանի նկատմամբ, սակայն Երևանը պարտավոր է իր համաձայնությամբ թույլ տալ անխափան կապ Նախիջևանից դեպի Ադրբեջանի արևմտյան շրջան։
Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է երկաթուղային երթուղու բացմանը՝ կապ ապահովելու Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև, սակայն միայն այն պայմանով, որ դա տեղի ունենա հայկական իրավասության շրջանակում։