10 հունիսի 2025 - 13:59 AMT
Խաղատունը թերհայտարարագրել է մոտ 4.2 միլիարդ դրամի իրացման շրջանառություն

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք։

Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձորում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում է խաղադրույքներ և այդ գործարքները չի ներառում հաշվապահական հաշվառման մեջ ու հարկային մարմնում չի հայտարարագրում։

Տեղեկությունները ճշտելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ խաղատունը թերհայտարարագրել է մոտ 4.2 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Բացի այդ, արձանագրվել են նաև այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ, որոնց վերահսկողությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից:

Կատարված նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը պատճառվել է շուրջ 887 միլիոն դրամի վնաս։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով: Վարութային և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում խաղատանն իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խաղատնային բիզնեսում հարկային ռիսկերի և կանխիկ գործարքների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։

Տտնտեսական գործունեության թափանցիկությունը և հարկային պարտավորությունների ամբողջական կատարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև պետության ֆինանսական կայունության ապահովման հիմնարար նախապայման։