10 հունիսի 2025 - 14:39 AMT
Իրանագետ․ Ադրբեջանում կոռուպցիայի հետ կապված Փաշազադեի անունն Ալիևից շատ է հոլովվել

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքում գրել է, որ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն Ադրբեջանում ամենավարկաբեկված և անընդունելի հանրային դեմքերից է։

Նշվում է, որ «Ադրբեջանում կոռուպցիայի հետ կապված, Փաշազադեի անունն ավելի շատ է հոլովվել, քան անձամբ Իլհամ Ալիևինը և նրա ընտանիքինը»։

Տոնոյանի ներկայացմամբ՝ Փաշազադեն ու նրա ընտանիքը խորապես ներգրավված են կոռուպցիոն գործունեության մեջ։

«Ալլահշուքյուր Փաշազադեն իր ամբողջ ընտանիքով, ներառյալ եղբայրը՝ Ջավանշիրը, որդիները և փեսաները թաղված են կոռուպցիայի մեջ, և սա է ահա այն հիմնական պատճառը, որ ադրբեջանական հասարակությունն ատում է Փաշազադեին և նրա ընտանիքին։

Տարբեր տարիների ընթացքում հրապարակվել են Փաշազադեի՝ արտասահմանում ունեցած անշարժ գույքի մասին տեղեկություններ, որոնք միայն Չեխիայի տարածքում գերազանցում են մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարը։

Փաշազադեի որդուն է պատկանում Ադրբեջան ոգելից խմիչքների ապօրինի ներկրման մենաշնորհը և այլն։

Ընդհանրապես, Ադրբեջանում կոռուպցիայի հետ կապված, Փաշազադեի անունն ավելի շատ է հոլովվել, քան անձամբ Իլհամ Ալիևինը և նրա ընտանիքինը։ Այս ամենից զատ, մարդիկ նաև զզվում են Փաշազադեի կրավորական և քծնող վերաբերմունքից, որ ունի նա Ալիևի նկատմամբ։ Դա նույնպես հաճախ է նկարահանվում, ցուցադրվում սոցիալական ցանցերում և ամենասուր ձևով ծաղրվում»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ Փաշազադեին չեն ընդունում նաև Էթնիկական ինքնության մերժման պատճառով։

«Փաշազադեին Ադրբեջանի թուրքերը կամ պայմանական «էթնիկ ադրբեջանցիները» չեն ընդունում, որովհետև նա ազգությամբ թալիշ է և կա նաև 1993թ. նկարահանված խոստովանական տեսահոլովակը, որտեղ վերջինս հայտարարում է, որ ինքը թալիշ է։ Բայց Փաշազադեին չեն սիրում ու չեն ընդունում նաև թալիշները, որովհետև վերջինս իր եղբոր՝ Ջավանշիր Փաշազադեի հետ, հանուն պաշտոնի, փողի և ունեցվածքի, ուրացել է իր ազգությունը և դադարել է իրեն համարել թալիշ»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև հավատացյալների շրջանում նրա մերժվածությունը, քանի որ Փաշազադեն, Տոնոյանի խոսքով, չունի հեղինակություն ոչ սուննի, ոչ շիա հավատացյալների շրջանում։

Ավելի վաղ Փաշազադեն հայտարարել էր, թե Հայ Առաքելական եկեղեցին «վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր հարևան պետությունների համար»։