10 հունիսի 2025 - 14:40 AMT
Զախարովա. ՌԴ–ն պաշտոնապես Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքերը Ղարաբաղի վերաբերյալ պետք չէ մեկնաբանել համատեքստից կտրված, քանի որ Մեդինսկին խոսել է բացառապես պատմական ասպեկտի, սոցիոկուլտուրային առանձնահատկությունների մասին։

Զախարովան հավելել է, որ «Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք», հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Խոսքը բացառապես զինված հակամարտության ողբերգության մասին է։ Պետք չէ համատեքստից հանել գոյություն չունեցող դրույթներ և փոխել խոսքերի կարգը՝ տալով լրիվ այլ իմաստ», – ասել է Զախարովան։

Մեդինսկին, որը ղեկավարում է Ռուսաստանի պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցություններում, ավելի վաղ RT-ին տված հարցազրույցում նշել է, որ եթե ուկրաինական հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծով և չհասնեն «իսկական խաղաղության», ապա տարածաշրջանը «կդառնա հսկայական Ղարաբաղ», հավելելով, որ դա «վիճելի տարածաշրջան էր Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Այս հայտարարությունը նյարդայնացրել է պաշտոնական Բաքվին` Ղարաբաղը որպես վիճելի տարածք ներկայացնելն այնտեղ «ափսոսանք և զարմանք է առաջացրել»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ: