10 հունիսի 2025 - 15:04 AMT
Նախարար․ ՄԿՈւ համակարգում ընդունելությունն աճել է 11․4 %-ով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նախորդ տարում ՄԿՈւ ոլորտում ընդունելության ցուցանիշը նկատելիորեն աճել է՝ գերազանցելով 11 տոկոսը։ Նա այդ մասին ասել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։

Նախորդ ուսումնական տարում 9-րդ դասարանը ավարտած յուրաքանչյուր երրորդ աշակերտ դիմել է միջին մասնագիտական կրթություն ստանալու, հայտնում է Արմենպրեսը։

«Սա շատ լավ ցուցանիշ է։ Սա նշանակում է, որ մեր երեխաները 9-րդ դասարանը ավարտում են շատ ավելի մասնագիտորեն կողմնորոշված։ Պետք է հիշեցնեմ, որ սա էլ նոր չափորոշչի գործիքակազմերից մեկն էր։ Մենք մասնագիտական ուսուցման խմբակները դարձրել ենք պարտադիր՝ 8-րդ դասարանից սկսած, որպեսզի երեխան արդեն իսկ ընտրի մասնագիտություն ու կարողանա հետագա ուսուցումը կազմակերպել ավելի նպատակային»,-ասել է նախարարը։

Նրա խոսքով, նախորդ տարվա տվյալներով, միջին մասնագիտական կրթության համակարգում ընդունվածների թիվն աճել է 11.4 տոկոսով։

«Ընդհանուր առմամբ, այսօր միջին մասնագիտական հաստատություններում մոտ 45 հազար սովորող կա։ Սա մեր տնտեսության զարգացման համար ամենակարևոր հարցերից է, որովհետև այսօր բազմաթիվ կադրեր կան, որոնց կարիք ունենք, և որոնք հենց քոլեջային կրթության մասնագետներ են»,-ընդգծել է Անդրեասյանը։