Հունիսի 9-ին երեկոյան ձերբակալված Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն, գրում է Sputnik Արմենիան։
Կոտայքի մարզում հունիսի 8-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում ձերբակալվել է ութ մարդ, որոնց թվում եղել է նաև Ֆելիքս Միրզոևը։
Ըստ լրատվամիջոցների՝ մինչ այդ Ֆելիքս Միրզոևը «Avenue Arzni» հյուրատանը կազմակերպել է խնջույք, որի ընթացքում տեղի է ունեցել վեճ, ծեծկռտուք և կրակոցներ։ Խնջույքի մասնակիցներից՝ Կոտայքի մարզի 22-ամյա բնակիչ Կոլյա Միսեևը, հրազենային վնասվածք ստացած վիճակում տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն՝ ծայրահեղ ծանր վիճակով։
Ոստիկանության Բյուրեղավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխվել են դեպքի վայրից «Mazda 6» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա հայտնաբերվել են հարվածի հետքեր, իսկ աջ կողմի հայելիներից մեկը եղել է կոտրված։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչությունը հարուցել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի, 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետի և 335-րդ հոդվածի (ապօրինի շրջանառություն) 1-ին մասի հատկանիշներով։
Ըստ տեղեկության՝ նախաքննության փուլում նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։