ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցն ազատվել է աշխատանքից վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդերլանդների վարչապետի հանդիպման ժամանակ ՀՀ դրոշը գլխիվայր դնելու համար։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից, տեղեկացնում է Factor.am-ը։
Մայիսի 16-ին Տիրանայում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։ Վարչապետի աշխատակազմը տարածել էր պաշտոնական տեսանյութ, որտեղ ՀՀ պետական դրոշի՝ կարմիր, կապույտ, ծիրանագույնի փոխարեն դրված էր, ծիրանագույն, կապույտ, կարմիր գույների դասավորությամբ մի կտոր։ Հրապարակումից կարճ ժամանակ անց կառավարությունը հեռացրեց այդ տեսանյութը և ավելի ուշ հրապարակվեց մեկ այլ տեսանյութ, որտեղ ընդհանրապես չէին երևում սեղանին դրված դրոշները։
Գերատեսչությունը չի բացահայտել աշխատակցի զբաղեցրած պաշտոնը։
Նշվում է, որ արդեն երկրորդ անգամ է պարզաբանում չի ներկայացվում, թե ինչո՞ւ է Փաշինյանը մոտեցել մի սեղանի, որի վրա ՀՀ դրոշը տեղադրված չէ։