10 հունիսի 2025 - 15:45 AMT
Կյուրեղյան․ «Հայաստան» խմբակցությունը կլրացնի 28 պակասող ստորագրությունը, երբ նախաձեռնող խումբը մոտենա մեզ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը պարզաբանել է, որ խմբակցությունը պատրաստ է լրացնել վարչապետի իմպիչմենտի նախաձեռնության համար պակասող 28 ստորագրությունների բացը, սակայն դա կկատարվի միայն այն ժամանակ, երբ նախաձեռնող կողմը ներկայացնի համապատասխան փաստաթուղթ։

«Հայաստան խմբակցությունը կլրացնի 28 պակասող ստորագրությունը։ Երբ որ նախաձեռող խումբը կգա, կմոտենա մեզ, պակասող՝ մեր 28 ստորագրությունը կտանք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Լրագրողի հարցին՝ արդյոք խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորի ստորագրություններին, Կյուրեղյանն արձագանքել է նույն կերպ, առանց հստակեցման։

«Ուրեմն ամեն մեկս ինչպես ենք ընկալում... Միարժեքորեն գրված է 28 պակասող ստորագրությունը կտրվի»։

Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն մինչև պակասող 8 ստորագրությունը չլինի, «Հայաստան» խմբակցությունը չի՞ մինանա անվստահության գործընթացին, Կյուրեղյանը պատասխանել է. «Մինչև նախաձեռնողը չմոտենա մեզ իր փաստաթղթով, ընդհանրապես ստորագրություն չի լինի»։

Ինչ վերաբերում է թեկնածուին, Կյուրեղյանը շեշտել է, որ նախաձեռնությունն ամբողջությամբ պատկանում է «Պատիվ ունեմ» խմբակցությանը։

«Նախաձեռնությունը «Պատիվ ունեմ» խմբակցությանն է, իրենք քաղաքական պատասխանատվություն են կրում այդ գործընթացը սկսելու, այդ թեկնածուին առաջ քաշելու։

Մենք՝ որպես իրար հետ համագործակցող ընդդիմադիր ուժեր, պետք է ամեն ինչ միասին անենք, որպեսզի հնարավորության դեպքում օր առաջ ազատվենք այս ազգադավ, պետականաքանդ իշխանություններից, առավել ևս վարչապետից։ Այնպես որ, պատասխանատվությունը նախաձեռնող կողմինն է՝ «Պատիվ ունեմ»-ինը, մենք խոստացել ենք՝ իրենց կաջակցենք այդ գործընթացն առաջ տանելու համար, քանի որ մեկ ընդհանուր նպատակի է ծառայում՝ ազատել երկիրն այս ազգադավ պետականաքանդ վարչապետից ու իր թիմից»,–ասել է նա։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը, հիմք ընդունելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, հունիսի 7-ին կայացած նիստում որոշել է՝ Սահմանադրական «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն հանդես գալ վարչապետի անվստահության նախաձեռնությամբ։ Որպես նոր վարչապետի թեկնածու նրանք առաջադրել են Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։