10 հունիսի 2025 - 15:50 AMT
Համբարձումյանը, Դաշյանն ու Չանչարևիչը կմնան «Նոայում»

«Նոա» ակումբը երկարաձգել է համագործակցությունը Հովհաննես Համբարձումյանի, Արտակ Դաշյանի և Օգնյեն Չանչարևիչի հետ։

Արտակ Դաշյանը միացել է թիմին 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ համալրելով երկրի չեմպիոնի ու գավաթակրի կազմը։

«Այստեղ բոլորս մտածում ենք նոր հաղթանակներ կերտելու մասին: Շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ իմ ֆուտբոլային ճանապարհը «Նոայում», - ասել է Արտակ Դաշյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա արդեն հասցրել է անցկացնել 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։

Դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը միացել է թիմին 2023/24 մրցաշրջանի ընթացքին։ Այդ ժամանակից ի վեր նա մասնակցել է 44 խաղի, որոնցից 17-ում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը։

«Շարունակում ենք գերազանցության ճանապարհը: Ուրախ եմ, որ շարունակելու ենք միասին գրել պատմության նոր էջերը», – ասել է Օգնյեն Չանչարևիչ։

Թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը երկու լիարժեք մրցաշրջան է անցկացրել «Նոայի» կազմում։ Այդ ընթացքում նա մասնակցել է 66 հանդիպման՝ խփելով 6 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։

«Հպարտ եմ, որ շարունակելու եմ կրել «Նոայի» մարզաշապիկը: Ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք մեր նպատակներին», – ասել է նա։

Նախկինում ակումբը արդեն հայտնել էր նաև Գուստավո Սանգարեի և Գուդմունդուր Թորարինսոնի հետ պայմանագրերի երկարաձգման մասին։