ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկել Գառնու տաճարը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունը։
«29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկերում նոր հուշարձան ենք ընդգրկել՝ Տիրին Կատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը: Եվս երկու հուշարձան կունենանք այս ցանկում»,-ասել է Անդրեասյանը, հայտնում է Արմենպրեսը։
Նա հավելել է, որ երկար դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայկական հուշարձանների ներգրավման ուղիղ աշխատանքներ են իրականացնում։
Նախարարը նշել է՝ դա իրականացվում է բյուջետային հատկացումների և հետևողական ինստիտուցիոնալ աշխատանքի արդյունքում:
«Մենք երկու հայտ ենք ներկայացրել, որոնցով աշխատանքային գործընթացում արդեն ունենք որոշակի տեղեկատվություն: Առաջիկայում դա նաև պաշտոնապես կհաստատվի: Գառնին ու Քարերի սիմֆոնիան է՝ որպես մեկ առանձին հայտ և Երևանի ուրարտական ժառանգությունը»,-ասել է նա:
Անդրեասյանը հավելել է՝ տևական ընդմիջումից հետո արդեն լավ առաջընթաց կա: