Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ժյուրին հրապարակել է առաջին փուլն անցած մասնակիցների անունները։
Ըստ որոշման՝ երկրորդ փուլի ուղեգիր է ստացել 6 դիրիժոր՝ Ջեյհաք Չոյ (Հարավային Կորեա), Օտիս Քինթա Էնոքիդո-Լայնհեմ (Մեծ Բրիտանիա), Քյունտե Պակ (Հարավային Կորեա), Լեոնարդ Վայս (Ավստրալիա), Շուն Օի (Ճապոնիա) և Ֆերնանդո Գաջինի (Արգենտինա), հայտնում է Արմենպրեսը։
Երկրորդ փուլը կկայանա հունիսի 10-11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այդ ընթացքում մասնակիցները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը հանդիսանում է մրցույթի պաշտոնական նվագախումբը։
Հաղթողներին կհայտնեն հունիսի 12-ին պարգևատրման արարողության և գալա համերգի շրջանակում։
Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկել է հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Այս տարի այն անցկացվում է «դիրիժորության» մասնագիտական կարգում։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia-ն։ Մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և անցկացվում է ֆեդերացիայի սահմանած կանոնների համաձայն։