Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով իր դեմ քրեական հետապնդում սկսելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդությանը, հայտարարել է, որ «գլխավոր դատախազն իրեն անսահմանորեն նվիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը»։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային։ Մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։
Գլխավոր դատախազը, հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը։
Մնացածի մասին` հաջորդիվ»,- գրել է Մինասյանը։
Աննա Վարդապետյանը դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որպեսզի խորհրդարանը թույլատրի քրեական հետապնդում նախաձեռնել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, ինչպես նաև նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Սիմոնյանը հավանություն է տվել միջնորդությանը։