10 հունիսի 2025 - 17:08 AMT
Հուլիսի 1-ից ընտանեկան որոշ վեճերով հաշտարարին դիմելը դառնում է պարտադիր

Հուլիսի 1-ից ընտանեկան որոշ վեճերով հաշտարարին դիմելը դառնում է պարտադիր: Դեռևս 2022 թվականին ընդունված «Հաշտարարության մասին» օրենքի փոփոխություններով որոշ ընտանեկան գործերով պարտադիր է դառնում հաշտարարին դիմելը` պարտադիր դրույթն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։

ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանն ասուլիսում ընդգծել է, որ պարտադիր հաշտարարության ներմուծումը մեծ ձեռքբերում է դատական ու իրավական ոլորտում, հայտնում է Արմենպրեսը։

«Մինչ այս դրույթն ուժի մեջ մտնելը բավական աշխատանք է կատարվել, որ գործընթացը սահուն իրականացվի։ Հիմա արդեն կարող ենք ասել, որ հուլիսի 1-ից ընտանեկան որոշ վեճերով հաշտարարին դիմելը դառնում է պարտադիր։ Խոսքը վերաբերում է ամուսնալուծության, երեխայի տեսակցության կարգի, ալիմենտի հետ կապված գործերին։ Բոլոր այն դեպքերում, երբ պետության միջամտությունը պետք կլինի, օրինակ, ծնողական իրավունքից զրկելը կամ որդեգրելը, ապա դրանք արդեն դուրս են մնում պարտադիր հաշտարարության շրջանակից»,-ասել է Դավիթ Ղարբիյանը։

Հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը նշել է, որ դատարաններից ստացված տվյալներով՝ 2023 և 2024 թվականներին տարեկան գրանցվել է 2800-3000 գործ, որոնք հնարավոր կլիներ լուծել հաշտարարության միջոցով։ Նրա խոսքով՝ պարտադիր հաշտարարության ներդրումից հետո այս նույն ծավալով գործեր կտեղափոխվեն դեպի հաշտարարության համակարգ։

«Սա իր հետ կբերի դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը։ Իհակե, պետք է նշել, որ բարեփոխումներն ուղղված չեն պարտադիր հաշտարարության իրականացմանը, այլ, ընդհանուր առմամբ, հաշտարարության ինստիտուտի ներդրմանը։ Դա ենթադրում է, որ ընդգրկվելու են ոչ միայն ընտանեկան գործերը, այլև բոլոր տեսակի քաղաքացիական, աշխատանքային վեճերը»,-ասел 1 Պետրոսյանը։

Նա հավելել է, որ հաշտարարությունը վեճերը լուծելու ավելի կառուցողական միջոց է։

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Գայանե Դեմիրչյանը հայտնել է, որ հաշտարար դառնալ կարող են 25 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող անձինք։ Նրանց համար կազմակերպվում են պարտադիր վերապատրաստման դասընթացներ՝ արդարադատության նախարարության կողմից։

«Վերապատրաստման դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք են բերում բանակցային, հոգեբանական, կոնֆլիկտի կառավարման հմտություններ։ Դրանից բացի պետք է նաև տիրապետեն «Հաշտարարության մասին օրենք»-ին»,-ասել է նա։

Ներկայումս Հայաստանում արտոնագրված է 124 հաշտարար, որոնցից 123-ն են գործում։ Ըստ նրա՝ այդ հաշտարարներից մոտ կեսը պատրաստակամություն է հայտնել զբաղվելու ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությամբ։

Դեմիրչյանը նշել է, որ վերապատրաստման գործընթացը կազմակերպվել է այնպես, որ մարզերից մասնագետներ ևս ներգրավված լինեն։ Այս պահին գրեթե բոլոր մարզերում գործում են հաշտարարներ, ովքեր աշխատելու են մշտական հիմունքներով։ Միաժամանակ, հաշտարարները հնարավորություն ունեն աշխատելու նաև հեռավար ձևաչափով։

Ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նախագահ Վանիկ Մարգարյանը նշել է, որ հաշտարարի ծառայությունն վճարովի է, սակայն դատական ծախսերի համեմատ՝ ավելի մատչելի։

«Արտադատական լուծումը բոլոր դեպքերում ավելի քիչ ծախսատար է։ Այստեղ շատ կարևոր է ընդգծելը, որ հաշտարարի միջոցով գործընթացն ավարտին հասցնելը բավական ձեռնտու է նաև ժամանակի առումով։ Սա իրապես կարևոր ինստիտուտ է և պարտադիր հաշտարարությունը ներդնելով, մենք կարևոր հանգրվանի ենք հասել այս ոլորտում»,-ասել է նա։

Նա հույս է հայտնել, որ կձևավորվի հաշտարարին դիմելու մշակույթ, իսկ փաստաբանների մոտ՝ ընկալում, որ դա արդյունավետ գործիք է, այլ ոչ խոչընդոտ դատարան դիմելու համար։