10 հունիսի 2025 - 17:40 AMT
Սարգսյան. Կհետևենք Վեհափառ հայրապետի հորդորներին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը, խմբի ձևավորմանը, շեշտել է, որ այդ հարցում հետևելու են Վեհափառ Հայրապետի հորդորներին ու դիրքորոշմանը։

«Այդ խայտառակության հանդեպ ես ի՞նչ դիրքորոշում պետք է ունենամ։ Պարզ չէ, որ անընդունելի է ընդհանրապես այդ թեմայով որևէ խոսակցություն։ Մենք այդ հարցում կհետևենք Վեհափառ Հայրապետի հորդորներին ու դիրքորոշմանը», ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Հարցին՝ ինչու այդ հարցը հիմա քննարկման թեմա դարձել և արդյոք դա կապված է Փաշազադեի հայտարարությունների հետ, Սարգսյանն ասել է՝ իր կարծիքով՝ պատճառը Շվեյցարիայում Վեհափառի ունեցած ելույթն էր:

Նա ավելացրել է, որ իրավիճակը լիովին տեղավորվում է գործող իշխանությունների որդեգրած «Նոր Հայաստանի» կոնցեպտի մեջ, այսինքն՝ Հայոց պատմությունը՝ փոխելով Հայաստանի պատմությամբ, թիրախավորելով ՀԱԵ-ն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։