10 հունիսի 2025 - 18:10 AMT
ChatGPT-ում արձանագրված խափանումները զգացվել են նաև Հայաստանում

Արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT զրուցակից-բոտի օգտատերերը աշխարհի տարբեր երկրներից հաղորդում են լայնածավալ խափանումների մասին: Այդ մասին են վկայում հայտնի ինտերնետ-ռեսուրսների աշխատանքի խափանումներին հետևող Downdetector կայքի տվյալները։

Խնդիրներ նկատվել են նաև Հայաստանում, հայտնում է Radar.am-ը։

Խափանումների ամենաշատ դեպքերը արձանագրվել են Նիդեռլանդներում՝ ավելի քան 4 հազար բողոք։ Ավելի քան հազար բողոք արձանագրվել է նաև Մեծ Բրիտանիայից ու Ճապոնիայից։ Խնդիրներ են եղել նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Հնդկաստանում և մի շարք այլ երկրներում։

Որոշ օգտատերեր նաև նշում են OpenAI ընկերության պաշտոնական կայքի, ինչպես նաև ChatGPT-ի բջջային հավելվածի աշխատանքի խափանումների մասին, այդ թվում՝ հաշիվ մուտք գործելու դժվարություններ են առաջացել։