10 հունիսի 2025 - 18:23 AMT
Օհանյանին և Մինասյանին պատրաստվում են մեղադրել փողերի լվացման, լիազորությունների չարաշահման մեջ

Դատախազությունը պատրաստվում է քրեական հետապնդում սկսել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ՝ տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված Դրախտիկ համայնքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելու վերաբերյալ քրեական գործով, հայտնում է «Փաստինֆոն»։

Գլխավոր դատախազի միջնորդությամբ ԱԺ ուղարկված փաստաթղթերի համաձայն՝ երբ Սեյրան Օհանյանը զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, առանց որևէ իրավական հիմքի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Սևան» ազգային պարկի տարածքում ընդգրկված՝ Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող պետական հողը՝ 10526 քմ մակերեսով։ Չունենալով այդ տարածքի կառուցապատման իրավունք՝ նա, ՊՆ պաշտոնյաների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել է այնտեղ իր առանձնատան կառուցումը։ Գործի նյութերի համաձայն՝ տարածքի և այնտեղ տեղակայված գույքի պահպանությունն իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների միջոցով՝ Սեյրան Օհանյանի ցուցմամբ։

Բացի այդ, նախաքննության տվյալներով, նշված տարածքում շինարարություն իրականացրած ընկերությանը հետագայում արտոնություններ են տրամադրվել ՊՆ գնումների գործընթացներում։ Ըստ նախաքննական մարմնի՝ այդ շինարարական ընկերությունն իր միջոցներով իրականացրել է մոտ 64․5 միլիոն դրամի աշխատանքներ՝ ներառյալ լողավազանի և շոգեբաղնիքի կառուցում։ 2015-ի սեպտեմբերին ֆինանսների սպառման պատճառով շինաշխատանքները դադարեցվել են։ Տարվա վերջին ընկերությունը դիմել է ՊՆ-ին՝ խնդրելով փոխհատուցել փաստացի կատարված աշխատանքների դիմաց չվճարված 58 միլիոն դրամը։ Սակայն ըստ գործի նյութերի՝ ՊՆ աշխատակիցը, Սեյրան Օհանյանի գիտությամբ, մերժել է վճարումը՝ պնդելով, որ այդ գումարը պետք է դիտարկել որպես նախկինում ՊՆ մրցույթներում ընկերության հաղթանակը, անխոչընդոտ գործարքների կատարումը և վճարումները երաշխավորելու դիմաց փոխանցված «ատկատ»՝ այսինքն՝ կաշառք։

Հանրային աղբյուրներում ներկայումս որևէ հավելյալ տեղեկատվություն Արծվիկ Մինասյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ չի բացահայտվում, սակայն միջնորդությունների առկայությունը վկայում է, որ դատախազությունը նպատակ ունի նույն գործի շրջանակում քրեական հետապնդում սկսել նաև նրա նկատմամբ։

Ըստ քրեական վարույթի՝ Սեյրան Օհանյանը, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, ապօրինաբար օգտագործել է «Սևան» ազգային պարկի պետական հողատարածքը՝ առանց օրինական կառուցապատման իրավունքի կառուցելով առանձնատուն, լողավազան և շոգեբաղնիք։ Նրա հանձնարարությամբ այդ գույքի պահպանությունն իրականացվել է ՊՆ ռազմական ոստիկանության ուժերով։

Հետագայում, ըստ նախաքննական տվյալների, Սեյրան Օհանյանը փորձել է քողարկել այդ գույքի ապօրինի ծագումը՝ ներգրավելով իր հետ փոխկապակցված անձանց՝ վարորդի մորաքրոջ որդուն և օգնականի եղբորը։ Նրանք մասնակցել են համապատասխան մրցույթին՝ ապահովելով, որ տարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքը պաշտոնապես փոխանցվի իրենց, ինչի արդյունքում 2017 թվականին կնքվել է պայմանագիր, որը Սեյրան Օհանյանին հնարավորություն է տվել շարունակել անխոչընդոտ տիրապետել այդ գույքին։

Նախաքննությունը նաև արձանագրել է, որ որպես ԱԺ պատգամավոր՝ Օհանյանը տարիներ շարունակ չի հայտարարագրել նշված տարածքը և գույքը՝ թաքցնելով 2021-ին՝ մոտ 123 միլիոն, 2022-ին՝ 145 միլիոն, իսկ 2023-ին՝ ավելի քան 166 միլիոն դրամ արժողությամբ ունեցվածքը։

Նույն վարույթում ընդգրկվել է նաև Արծվիկ Մինասյանը, որը նշանակվել է բնապահպանության նախարար 2016 թվականին և զբաղեցրել է «Սևան» ազգային պարկի վերահսկողության մարմնի՝ խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը։ Բացի այդ, նա եղել է հատուկ պահպանվող տարածքների հողերի տրամադրման համար ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահը։

Քննության ընթացքում պարզվել է, որ Մինասյանը տեղեկացված է եղել Օհանյանի կողմից պետական հողերի ապօրինի օգտագործման և շինարարության մասին, սակայն ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել իրավախախտումները վերացնելու համար, այլև աջակցել է գործընթացին՝ նպաստելով, որ հողատարածքի կառուցապատման իրավունքը փոխանցվի Օհանյանի փոխկապակցված անձին։

Այս բոլոր գործողությունների հիմքով դատախազությունը ԱԺ-ին ներկայացրել է համաձայնության միջնորդություն՝ քրեական հետապնդում հարուցելու համար։ Սեյրան Օհանյանին վերագրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կաշառքի ստացում, փողերի լվացում և հայտարարագրման պարտավորության խախտում։ Արծվիկ Մինասյանը կարող է պատասխանատվության ենթարկվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։

Մինասյանի նախարար նշանակվելը տեղի է ունեցել 2016 թվականին, մինչդեռ Օհանյանի կողմից տարածքի ինքնակամ զբաղեցումը՝ ըստ վարույթի, սկսվել է դեռևս 2010–2015 թվականներին։