Հակակոռուպցիոն դատարանը վերացրել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի` երկրից բացակայելու արգելքը` մասնակի բավարարելով պաշտպաններ Ռուբեն Հակոբյանի և Ամրամ Մակինյանի միջնորդությունը։
Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխարինվել է 5 մլն դրամ գրավով, հայտնում է Sputnik Արմենիան։
Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պարտավոր է գրավի գումարը եռօրյա ժամկետում վճարել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Ըստ Հակոբյանի՝ քննիչը Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցն ընտրելիս նշել էր, որ առկա է թաքնվելու ռիսկ, սակայն որոշումը որևէ կերպ չի հիմնավորել, հայտնում է Factor.am-ը։
Փաստաբանի խոսքով՝ եթե անգամ մի կողմ թողնենք նախաքննության փուլը, ապա այժմ, երբ գործն արդեն դատարանում է, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմք այլևս առկա չէ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել։ Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել, առնչվում է Իսակովի պողոտայի հողերի օտարմանը։Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեում քննվող գործի, ՊՆ հաշվեկշռում գտնվող 11 հա տարածք օտարվել է 2005-2006 թվականներին, երբ Սարգսյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ հողերը վաճառվել են շուկայական արժեքից էականորեն ցածր գնով և ուղղակի վաճառքի ձևաչափով։